Լայմի հիվանդությամբ տառապող ամերիկուհուն հինգ տարի բուժել են դեպրեսիայից (ֆոտո)

23 մայիսի, 2018  16:02

Ռոդ Այլենդից 23-ամյա Միքայլա Վաշերի մոտ Լայմի հիվանդությունը ախտորոշել են ինֆեկցիայի առաջացումից միայն հինգ տարի հետո։ Այդ ամբողջ ընթացքում աղջկան բոժել են դեպրեսիայից։

2008-ին աղջիկը արշավ է գնացել ընկերների հետ։  Բնության գրկում 13-ամյա Միքայլային տիզ է խայթել, բայց նա դրան առանձնապես ուշադրություն չի դարձրել։ Ծնողները նկատել են, որ իրենց դուստրը սկսել է հաճախ հոգնել ու գանգատվել գլխացավերից։ Հետո նրա մարմնի վրա կարմիր ցան է հայտնվել։

Բժիշկները հայտնել են, որ երեխայի մոտ դեպրեսիվ խանգարում է։ Ամերիկուհուն նշանակել են հանգստացնող դեղամիջոցներ՝ նա դրանք ընդունել է հինգ տարի ու պարբերաբար դիմել բժիշկների։ Ժամանակի ընթացքում Միքայլայի վիճակը չէր լավանում՝ ախտանշանները ավելի էին ուժգնանում։

18 տարեկանում աղջիկը որոշել է փոխել բժշկին։ Մի քանի շաբաթում նոր նյարդաբանը պարզել է, որ հիվանդի մոտ տիզային բորրելիոզ է կամ Լայմի հիվանդություն՝ ինֆեկցիոն հիվանդություն, որը իքսոդային տիզի խայթոցով է փոխանցվում։ Բորրելիոզը բարդ է ախտորոշել, քանի որ ախտանշանները նման են մյուս հիվանդություններին։ Լայմի հիվանդության բարձիթողի վիճակը սպառնում է կաթվածով ու մահացու ելքով։

Բժիշկը շտապ բուժում է նշանակել հիվանդին՝ Միքայլան երկար ժամանակ գտնվում էր կաթիլայինի տակ ու հրաժարվել է հանգստացնող դեղամիջոցներից։ «Ւնձ ասում էին, որ դժվար է լինելու։ Բայց ես չէի կասկածում, որ այդքան դժվար։ Արտաքուստ ես կարծես լրիվ առողջ էի, բայց ներքուստ բառացիորեն մահանում էի»,- պատմել է աղջիկը։

Բարդացումների պատճառով ամերիկուհուն նշանակել են հաշմանդամության նպաստ։ Հիմա Միքայլան օգնում է ուրիշներին ու ուզում է իր օրինակով ցույց տալ, թե ինչ կարևոր է ուշադիր լինել ինքդ քո հանդեպ ու հետևել առողջությանդ։ Նա խորհուրդ է տալիս միանգամից մի քանի մասնագետների դիմել ախտորոշման ճշգրտության համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում