ՎԶԵԲ–ը կաջակցի Հայաստանում առողջապահական նոր ծրագրերի իրականացմանը

25 մայիսի, 2018  15:01

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է աջակցել հայաստանյան առողջապահական ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ ֆինանսավորել առողջապահական նոր, երկարաժամկետ ծրագրեր:

«Մեր մասնակցությունը կախված է մասնավոր ներդրումներից: Եթե դա լինի, պատրաստակամ ենք սերտորեն աշխատել: Սա այն ուղղությունն է, որտեղ կարող ենք արդյունավետ գործակցել»,-շեշտել է Դմիտրի Գվինդաձեն:

Արսեն Թորոսյանը փոխանցել է, որ համակարգում նոր ներդրումների ազդակներ, առաջարկներ արդեն ստացվում են: «Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը:

Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը: Արդեն ընթացքի մեջ է պետական ծառայողների համար ապահովագրական փորձնական ծրագիրը, իսկ առաջիկայում այն կընդլայնվի՝ ներառելով բնակչության կոնկրետ խմբից եւս շուրջ 600 հազար մարդու: «Սա բոլոր խնդիրները չի լուծում, բայց մեծապես փոխում է այս առումով վիճակը: Աստիճանաբար, առաջիկա 3-4 տարվա ընթացքում կհասնենք ապահովագրական ավելի լայն ծածկույթի: Փորձը ցույց է տալիս, որ փոփոխությունները միանգամից անելու քայլերը նվազ հաջողություններ են գրանցում»,-նկատել է առողջապահության նախարարը:

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, նկատի ունենալով իր աշխատանքային փորձը, առաջարկել է անձնապես օժանդակել ու խորհրդատվություն տրամադրել համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը սիրով համաձայնել է առաջարկին:

Արսեն Թորոսյանը նաեւ կարեւորել է, ի դեմս ՎԶԵԲ-ի, կայուն ֆինանսական գործընկեր ունենալու հանգամանքը: «Պատրաստ ենք շատ ավելին անել»,-արձագանքելով նախարարին՝ շեշտել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում