Շատ ջուր խմելը վտանգավո՞ր է

26 մայիսի, 2018  13:47

Ջրազրկումը ծայրաստիճան վտանգավոր է առողջության ու նույնիսկ կյանքի համար, բայց նվազ վտանգավոր չէ նաեւ ջրի ավելցուկը, հավաստում են Մաքգիլի համալսարանի գիտնականները։ Հիպերհիդրացիան (օրգանիզմում ջրի ավելորդ պարունակությունը) կարող է առաջացնել հիպոնատրիեմիա՝ արյան մեջ նատրիումի մակարդակի վտանգավոր նվազում, որը կարող է առաջացնել ուղեղի այտուց։

Մինչեւ վերջերս գիտնականները չգիտեին, թե ինչն է հիպոնատրիեմիայի պատճառը։ Իսկ հիմա հետազոտողները պարզել են, որ օրգանիզմի համար ավելի բարդ է ճանաչել հիպերհիդրացիան, քան ջրազրկումը։ Հայտնի է , որ ուղեղում կան նեյրոններ, որոնք պատասխանատու են ջրային բալանսի պահպանման համար։ Ջրի ավելցուկի դեպքում ակտիվանում է Trpv4 –ը՝ կալցիումային խողովակ՝ այդ նեյրոնները շրջապատող գլիալ բջիջներում։

Եվ այսպես, հիպերհիդրացիան առաջինը գլիալ բջիջներն են հայտնաբերում։ Դրանք ազդանշան են ուղարկում այն նեյրոնների անջատման մասին, որոնք զգայուն են հիդրացիայի հանդեպ։ Trpv4 –ը առաջացնում է տաուրինի արտազատում, որն էլ իր հերթին, ճնշում է վերոնյշյալ նյարդային բջիջների ակտիվությունը։

Գիտնականները խորհուրդ են տալիս խմել ողջամիտ քանակությամբ ջուր, որպեսզի չլինի ոչ ջրազրկում, ոչ էլ հիպերհիդրացիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում