Դեղին բծերն աչքերի մեջ կարող են դեմենցիայի առաջին նշաններից մեկը լինել. գիտնականներ

30 մայիսի, 2018  21:07

Դեղին բծերն աչքերի մեջ կարող են դեմենցիայի առաջին նշաններից մեկը լինել, պնդում են Բելֆասթի Թագավորական համալսարանի գիտնականները:

Ըստ գիտնականների՝ բծերի տեսք ունեն այսպես կոչված պինդ բյուրեղաբույլերը՝ ցանցաթաղանթի տակ ճարպի եւ կալցիումի կուտակումները, որոնք կարելի է նկատել աչքի սկանավորման ժամանակ: Դրանք առաջանում են ծերացման ընթացքում եւ անվնաս են համարվում:

Ophthalmic Research ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում փորձագետները 60-ից 92 տարեկան 117 մարդ են հետազոտել եւ վերոնշված կուտակումներից հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող կամավորների 25 տոկոսի եւ առողջ կամավորների միայն 4 տոկոսի մոտ: Գիտնականները նաեւ պարզել են, որ դեմենցիայով մարդկանց մոտ արյունատար անոթներն աչքերում ավելի հաստ են, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ արյան հոսքի վրա:

Հետազոտողները հույս ունեն, որ այս մեթոդը կօգտագործվի վաղ փուլում Ալցհեյմերի հիվանդության հայտնաբերման համար: Աչքերի պարզ եւ ոչ ինվազիվ ճանապարհով հետազոտությունն ընդամենը 20 վայրկյան է տեւում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում