«Առանց գլյուտենի» շատ մթերքներ իրականում գլյուտեն պարունակում են. հետազոտություն

31 մայիսի, 2018  18:13

Մթերքներից շատերը, որոնք հասարակական սնունդի հաստատություններում ներկայացվում են որպես գլյուտեն չպարունակող, իրականում գլյուտեն պարունակում են, նախազգուշացնում են ավստրալացի գիտնականները, որոնք ընտրողաբար Մելբուռնի 127 սրճարաններում եւ ռեստորաններում ստուգել են 158 պատահական ճաշատեսակներ, որոնք նշված էին որպես «առանց գլյուտենի»:

Medical Journal of Australia-ում հրապարակված նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ գլյուտեն է պարունակվում «առանց գլյուտենի» յուրաքանչյուր 11-րդ ճաշատեսակում: Սա կարող է շատ վտանգավոր լինել ցելիակիայով տառապող մարդկանց համար, որոնք գլյուտենը չեն յուրացնում: Հիվանդության միակ բուժումը այս պահին համարվում է ցմահ առանց գլյուտենի սննդակարգը:

Եվրոպական եւ ամերիկյան ստանդարտների համաձայն՝ գլյուտենը չյուրացնող մարդկանց համար անվտանգ է համարվում այն սնունդը, որն այն պարունակում է միլիոնին 20 մասից քիչ քանակությամբ: Հիվանդության ծանր ձեւով տառապողների համար նույնիսկ փոքր չափաքանակները կարող են զգացվել: Մինչդեռ հետազոտության մեջ որոշ մթերքներ պարունակել են միլիոնին գլյուտենի մինչեւ 80 մաս, նման սնունդը կարող է վտանգավոր լինել ցելիակիայով հիվանդների համար:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ցելիակիայով հիվանդների մոտ կարող են ախտանշաններն արտահայտվել ոչ ամեն անգամ գլյուտենի հետ շփվելիս, սակայն ամեն անգամ տեղի է ունենում օրգանների վնասում:

«Շատերը կարող են անվտանգության կեղծ զգացում ունենալ, որ իրենք սնվելուց հետո նորմալ վիճակում են՝ չիմանալով, որ տառացիորեն թունավորում են ստացել: Շատերն ասում են «ես դա գիտեի», քանի որ սրճարանում սնվելուց հետո տուն էի գալիս եւ հիվանդագին աշխտանիշներ ունենում»,- նշել է գաստրոէնթերոլոգ Ջեյսոն Թայ-Դինը՝ Walter and Eliza Hall Institute-ից:

Հետազոտությունն անդրադարձել է նաեւ ռեստորանների եւ սրճարանների անձնակազմի առանց գլյուտենային սնունդի մասին գիտելիքներին: Պարզվել է, որ հարցվածների միայն 10 տոկոսն էր լավատեղյակ հարցին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում