Մեծ հարց է՝ արդյոք Հայաստանին պետք էր նման կենտրոն՝ նախարարը ռադիոիզոտոպերի կենտրոնի մասին

16 հունիսի, 2018  19:11

Մեծ հարց է՝ արդյոք Հայաստանին պետք էր նման կենտրոն, թե ոչ, բայց քանի որ այն արդեն կառուցվել է, մենք պետք է  հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի այն աշխատի: Այս մասին «Լոֆտ» սրճարանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնի մասին:

 «Բոլորը գիտեն, որ Հայաստանում կենտրոն է կառուցվել, որտեղ կա ՊԷՏ սկան եւ այն չի աշխատում: Այն կառուցվել է պետական եւ վարկային միջոցներով եւ այդ վարկը մենք հիմա մարում ենք: Եթե անկեղծ լինենք, դեռ հարց է՝ արդյոք Հայաստանին պետք էր նման կենտրոն, բայց քանի որ այն արդեն կառուցվել է, մենք պետք է  հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի այն աշխատի», - ասել է նախարարը:

Թորոսյանը հաղորդել է, որ ներկայումս  բանակցություններ է վարում կոնցեսիոն ընկերության հետ, որը պետք է գործարկեր այդ կենտրոնը, բայց չի արել այդ, քանի որ աշխատանքները չեն ավարտվել եւ կենտրոնը նրան չի փոխանցվել:

Նրա խոսքով, այս ընկերության հետ նախորդ իշխանությունը 15 տարի ժամկետով բացառիկ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրել եւ սա լուրջ իրավական բեռ է պետության համար:

Կոնցեսիոն ընկերության հետ բանակցությունների արդյունքում պարզ կլինեն հնարավոր որոշումները. կամ ընկերությունը կշահագործի կենտրոնը կամ այն կմասնավորեցվի կամ պետությունն այն հետ կվերցնի եւ կկառավարի: Դրանից հետո, ըստ Թորոսյանի, անհրաժեշտ կլինի որոշել կադրերի պատրաստման հարցը, ինչպես նաեւ պետք է հասկանալ, թե որքան ՊԷՏ հետազոտություն կկարողանա գնել պետությունը, քանի որ նման մեկ հետազոտությունն արժե 1000 դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում