«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ստացիոնարում այս պահին մոտ 150 երեխա կա, նրանց 2/3-ի մոտ՝ աղիքային ինֆեկցիաներ են հայտնաբերվել։ Այս մասին NEWS. am Medicine –ի թղթակցին ասել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը։
Նրա խոսքով՝ աղիքային ինֆեկցիաներով երեխաների քանակը վերջին շաբաթներին նկատելիորեն աճել է՝ ձմռան ու գարնան համեմատ, բայց ամռան համար դա հիվանդացության միանգամայն ակնկալվող աճ էր․ 2017-ի հունիս- հուլիս ամիսներին էլ նման ինֆեկցիաներով երեխաների թիվը ստացիոնարում նույնքան էր։
Հետաքրքիր է, որ ստացիոնարում պառկած հիվանդների մոտ տարբեր աղիքային ինֆեկցիաների հարուցիչներ են հայտնաբերում՝ և վիրուսային, և բակտերիալ․ մեկի մոտ աղիքային ցուպիկ է, մյուս մոտ՝ ստաֆիլակոկ, մյուսների մոտ էլ շիգելլաներ։
Էդուարդ Զարդարյանի խոսքով՝ աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության աճին ամռանը նպաստում է երեխաների կենսակերպն ու ամենօրյա սովորությունները՝ շատերը, որպես կանոն, ուտելուց առաջ ձեռքերը չեն լվանում, նաև չեն լվանում մրգերն ու բանջարեղենը, ու ինֆեկցիաները նրանց օրգանիզմի մեջ են հայտնվում կեղտոտ ձեռքերի կամ մթերքների միջոցով։
Արհեստական, լողալու համար չնախատեսված ջրամբարներում լողալը նույնպես շատ վտանգավոր է, քանի որ նման ջրի մեջ, որպես կանոն, հիվանդությունների բազմաթիվ հարուցիչներ կան, որոնք հայտնվում են երեխայի օրգանիզմի մեջ՝ նրա կուլ տված ջրի հետ միասին։
Էդուարդ Զարդարյանը նշեց, որ աղիքային ինֆեկցիաների տեսակետից վտանգավոր է երկար ժամանակ արևի տակ գտնվելը՝ արևային հարվածի հետևանքով երեխաների մոտ հաճախ է սկսվում լուծ ու սրտխառնոց, իսկ ցանկացած հարուցիչ թուլացած օրգանիզմում հեշտությամբ հանգեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների զարգացմանը։ Դրա համար էլ շոգին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ մնալ ստվերում, չլողալ լողալու համար չնախատեսված ջրամբարներում ու չմոռանալ անձնական հիգիենայի մասին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day