Երդվյալների դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է ցանափոշուց տուժած կանանց 4,69 մլրդ դոլար վճարել

13 հուլիսի, 2018  10:47

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիսի երդվյալների դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 22 հայցվոր կանանց 4,69 մլրդ դոլար վճարել, որոնք տուժել են ասբեստ պարունակող ցանափոշու պատճառով: J&J-ն հերքում է արտադրանքում ասբեստի առկայությունը եւ նախատեսում է դատարանի որոշումը բողոքարկել:

Երդվյալ ատենակալները որոշել են, որ ընկերությունը պետք է 22 տուժած կանանց 550 մլն դոլար վճարի որպես նյութական վնասի փոխհատուցում եւ ավելի քան 4 մլրդ դոլար որպես բարոյական վնասի փոխհատուցում: Հայցվորների խոսքով՝ մանկական ցանափոշու մեջ ասբեստի առկայությունը այդ արտադրանքն օգտագործած մարդկանց մոտ քաղցկեղայկին հիվանդություններ է առաջացրել: Ավելին՝ ընկերությունը կանանց չի զգուշացրել ինտիմ հիգիենայի իր արտադրանքի օգտագործման հետեւանքով ձվարանների քաղցկեղի զարգացման վտանգի մասին:

Johnson & Johnson-ի մամուլի քարտուղար Քերոլ Գուդվիչը հայտարարել է, որ ընկերությունը համաձայն չէ ընդունված որոշմանը եւ նախատեսում է այն բողոքարկել: Նրա խոսքով՝ «գործով ապացույցները պարզապես նախապաշարմունքներով էին բեռնված»:

Հայցվորների փաստաբանի խոսքով՝ J&J-ն գիտեր, որ իր արտադրանքն աղտոտված է ասբեստով, սակայն այս տեղեկությունը հանրությունից թաքցնում էր: Ընկերությունը թեստերը կեղծել է՝ ասբեստի առկայությունը ցույց չտալու համար, համոզված է նա:

Ընկերությունը հերքում է իր արտադրանքի ասբեստով աղտոտման կամ թեստավորման արդյունքների կեղծման մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Johnson & Johnson-ը ցանափոշու վերաբերյալ մի քանի դատավարություն արդեն պարտվել է: Այս գործով ամենախոշոր տուգանքի որոշումը կայացրել էին 2017-ի օգոստոսին Լոս Անջելեսի գերագույն դատարանի երդվյալները, որոնք Johnson & Johnson-ին պարտավորեցրել էին 417 մլն դոլար վճարել մի կնոջ, որը հայտարարել էր, թե ձվարանների քաղցկեղով է հիվանդացել Johnson's Baby Powder մանկական ցանափոշի օգտագործելուց հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում