Հայաստանը գերիատրիայի մասնագետների կարիք ունի. փորձագետ

19 հուլիսի, 2018  12:20

Հայաստանը ծերացող երկիր է համարվում. փորձագետների հաշվարկների համաձայն՝ 2050 թվականին երկրի բնակչության 25 տոկոսը 63 տարեկանից անց կլինի: Եվ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ծերացող բնակչությունը երկրի համար բեռ չդառնա, այլ նոր հնարավորություններ բացի: Հայաստանում անցկացվող ժողովրդագրական խնդիրներին նվիրված սեմինարում ելույթ ունենալիս այս մասին ասաց ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի փորձագետ Աննա Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝ երկիրը ծերացող է համարվում, եթե բնակչության 7 տոկոսից ավելին 63 տարեկանից մեծ է: Հայաստանում կենսաթոշակային տարիքի մարդիկ արդեն այսօր կազմում են 12 տոկոս: Սպասվում է, որ նրանց թիվը կաճի, հատկապես վերջին տարիներին ծնելիության նվազման ֆոնին: 2050 թվականին երկրի յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին թոշակառու կլինի, ինչը կարող է մեծ թվով խնդիրներ ստեղծել առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում:

«Սակայն այս մարդկանց հարկ է դիտել ոչ թե որպես բալաստ, այլ որպես նոր հնարավորություն»,- նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ընդունվել է 2017-2021 թվականների համար տարեցների վիճակի բարելավման ռազմավարություն, եւ այսօր արդեն այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Փորձագետի կարծիքով՝ ամենակարեւորը գերիատրիայի ինստիտուտի հիմնադրումն է եւ մասնագետների պատրաստումը, որոնք զբաղվում են տարեցների հիվանդությունների հետազոտմամբ, կանխարգելմամբ եւ բուժմամբ:

Ինչպես շեշտեց փորձագետը, որոշ հիվանդություններ հատուկ են հատկապես տարեցներին, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը, դեմենցիան: Իսկ եթե կան մանկաբույժներ, որ զբաղվում են մանկական հիվանդություններով, ապա պետք է լինեն նաեւ գերիատրիայի մասնագետներ: Այսպիսի մասնագետներ կան աշխարհի շատ զարգացած երկրներում, եւ նրանց պետք է հնարավորինս արագ պատրաստել նաեւ Հայաստանում:

Ինչպես նշեց փորձագետը, հիմա աշխատանքներ են տարվում Երեւանի բժշկական համալսարանի գերիատրիայի նոր ամբիոնի հիման վրա, սակայն այս ամբիոնը մինչեւ մասնագետներ պատրաստի, 6-7 տարի կանցնի: Ուստի որպեսզի արդեն այսօր երկրում մասնագետներ լինեն, որոնք կկարողանան աշխատել տարեցների հետ, վերապատրաստում եւ մաստեր կլասներ են անցկացվում որոշ գործող բժիշկների, բուժքույրերի եւ սոցիալական աշխատողների շրջանում:

Աննա Հովհաննիսյանը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանում սեպտեմբերին նախատեսված է գերիատրիայի առաջին միջազգային կոնգրեսի անցկացումը:

«Ժողովրդագրության նոր ռազմավարության մշակում եւ հայրենադարձության պայմանների ստեղծում. Իրականությո՞ւն, թե՞ առասպել» թեմայով սեմինարը, որի ընթացքում ելույթ է ունեցել Աննա Հովհաննիսյանը, կազմակերպել էր Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում