Հետազոտողները հայտնաբերել են կապ ադրենալինի ու ուղեղի վնասման միջեւ

23 հուլիսի, 2018  16:47

Սրտի աշխատանքի կանգի ժամանակ ադրենալինի ներարկումը կրկնապատկում է գլխուղեղի վնասման հավանականությունը, հայտնում է The Daily Mail պարբերականը։

1960-ականներից սկսած՝  հիվանդներին, որոնց մոտ գրանցվում է սրտի աշխատանքի կանգ, նշանակում են ադրենալինի ներերակային ներարկումներ այն դեպքում, եթե էլեկտրական շոկը չի կարողանում վերագործարկել սրտի աշխատանքը։ Սրտի կանգ ունեցած հիվանդների 50-80 տոկոսն ադրենալին է ստանում։

Հետազոտությունը պարզել է, որ ադրենալինի գործածումը մեկ տոկոսից էլ քիչ է ավելացնում հիվանդների ապրելիությունը։ Մինչդեռ ողջ մնացածների 30 տոկոսի մոտ ախտորոշվել է ուղեղի վնասում։ Հետազոտության մեջ հաշվի են առնվել սրտի կանգ ունեցած 8000 հիվանդների տվյալները։

Այդ կապակցությամբ մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է հասարակության մասնակցությամբ քննարկում անցկացնել՝  հասկանալու համար՝ արդյոք ադրենալինի կիրառման հարցում արժի՞ հաշվի առնել նաեւ երկարաժամկետ կողմնակի էֆեկտները։

Հետազոտությունները հրապարակվել են The New England Journal of Medicine պարբերականում: Հոդվածագրերը նշում են, որ ադրենալինը կարող է թունավոր ազդեցություն ունենալ գլխուղեղի արյունատար անոթների վրա։ Որպես իրավիճակը բացատրող այլընտրանքային վարկած՝ առաջ է քաշվում տեսություն այն մասին, որ սրտի աշխատանքի վերագործարկումը՝ ադրենալինի գործածմամբ, հաճախ իրականացվում է չափից ուշ, ինչի հետեւանքով էլ ուղեղը թթվածնային քաղցից հետո ի վիճակի չի լինում ամբողջովին վերականգնել իր գործառույթները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում