Գիտնականները գտել են ճաղատանալը կանխող նյութ

31 հուլիսի, 2018  11:45

D-PDMP սինթետիկ միացությունը ունակ է կանգնեցնել մազերի կորուստը, դրանց գունաթափումը եւ մաշկի բորբոքումը: Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ցույց են տվել, որ փորձնական դեղամիջոցը կանգնեցնում է գլիկոսֆինգոլիպիդների (GSL) ճարպերի սինթեզը, որոնք մասնակցում են բորբոքային պրոցեսների ակտիվացմանը:

Հայտնի է, որ ճարպերի եւ խոլեստերինի մեծ պարունակությամբ կեր գործածող մկների մոտ մաշկի ծերացման նշանները վաղ են հայտնվում: Այս մեխանիզմին մասնակցում են GSL-ները, որոնք գտնվում են կերատինոցիտներում՝ մաշկի արտաքին շերտի բջիջներում: Նոր փորձի համար գիտնականները ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների՝ որպես աթերոսկլերոզի մոդելի կենդանի:

Կրծողների մի խումբը 12-շաբաթական տարիքից սկսած սնվել է ճարպերով եւ խոլեստերինով հարուստ կերով, իսկ երկրորդը՝ սովորական սնունդով: Առաջինների մոտ սկսել են հայտնվել մաշկի ծերացման նշաններ՝ ներառյալ  մորթու մազաթափում եւ բորբոքման օջախների առաջացում:

20-շաբաթական կենդանիներին սկսել են տալ D-PDMP-ի տարբեր չափաքանակներ՝ պարկուճով կամ լուծույթով: Պարզվել է, որ մարմնի 1 կգ զանգվածի համար 1-10 միլիգրամ դեղամիջոցը 16 շաբաթում մաշկի վիճակը զգալիորեն բարելավում է: Միաժամանակ բջիջներում նվազել է գլիկոսֆինգոլիպիդ-լակտոզիլցերամիդի պարունակությունը, որն ակտիվացնում է բորբոքային ռեակցիաները:

Չնայած դեղամիջոցը փորձարկվել է միայն մկների վրա, գիտնականները կարծում են, որ համանման արդյունքներ կդիտվեին նաեւ մարդու մոտ: Մասնագետները մտադիր են այս վարկածը ստուգել հետագա հետազոտություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում