Երկարատեւ արձակուրդը կարող է առողջությանն ավելի շուտ վնասել, քան օգուտ տալ. հոգեբան

15 օգոստոսի, 2018  17:40

Երկարատեւ արձակուրդը կարող է առողջությունը ավելի շուտ վնասել, քան օգուտ տալ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 30 օր տեւողությամբ արձակուրդը օրգանիզմի վրա սթրեսային ազդեցություն է ունենում: Փորձագետի կարծիքով՝ օպտիմալ արձակուրդը կազմում է 7-14 օր: Սա կապված է աշխատանքային ժամանակացույցին օրգանիզմի հարմարվելու հետ, իսկ երկարատեւ արձակուրդի դեպքում աշխատանքային առօրյային վերադառնալը կարող է սթրեսային դառնալ:

Սրա հետ կապված մասնագետները խորհուրդ են տալիս արձակուրդը մաս-մաս վերցնել, ինչը թույլ կտա հանգստի ռեժիմից աշխատանքային ռեժիմին սահուն անցնել:

Շատերն են ուշադրություն դարձրել այն հանգամանքին, որ արձակուրդի ժամանակ կարելի է սաստիկ հոգնածություն, դժգոհություն եւ նույնիսկ գրգռվածություն զգալ: Փորձագետի կարծիքով՝ սա կարող է կապված լինել հանգստի սխալ կազմակերպման հետ:

«Մարդկանցից ոմանք ակտիվ հանգստի կարիք ունեն, մյուսները սիրում են դեպի ծով կամ բնության գիրկ ուղեւորությունները: Եթե հանգստի տեսակը փոխվի, մարդը չի կարողանա թուլանալ»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Եվս մեկ բացասական գործոն կարող է լինել այն, որ ոմանք անգամ արձակուրդի ժամանակ շարունակում են ինչ-ինչ աշխատանքային հանձնարարություններ կատարել: Սրա հետ կապված հոգեբանը նշեց իրադրության փոփոխության կարեւորությունը, ինչն օգնում է ոչ միայն լիարժեք հանգստանալ, այլեւ նվազագույնի հասցնել աշխատանքային շփումները:

Նրանց, ում արձակուրդը հեռավոր հեռանկարում է, Բաղդասարյանը խորհուրդ տվեց իրենց աշխատանքային օրը ճիշտ կազմակերպել եւ ժամանակ հատկացնել թե՛ հանգստին, թե՛ աշխատանքին:

«Երբ մարդն ամբողջ 100 տոկոսով է աշխատում ու արձակուրդ գնում, նա արդյունքում հակառակ արդյունք է ստանում»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ լիարժեք հանգիստը առողջության համար կարեւոր նշանակություն ունի եւ դրականորեն է ներգործում ինչպես նյարդային համակարգի, այնպես էլ գլխուղեղի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում