Լազերային էպիլյացիա եւ Էլոս. Ո՞ր սարքն է անվտանգ եւ ինչպես ընտրել մասնագետին

18 օգոստոսի, 2018  20:53

Այսօր մարմնի եւ դեմքի անցանկալի մազերը հեռացնելու բազմաթիվ միջոցներ կան եւ լազերային էպիլյացիան ամենահայտնիների թվում է, քանի որ դրա միջոցով ընդամենը մի քանի պրոցեդուրայից հնարավոր է ընդմիշտ ազատվել անցանկալի մազերից: Բավական հայտնի է նաեւ Էլոս էպիլյացիան՝ մազերի հեռացման տեխնոլոգիան, որը համադրում է ֆոտո եւ լազերային էպիլյացիան:

Հայաստանում այսօր բավական շատ բժշկակակն կենտրոններ եւ գեղեցկության սրահներ կան, որտեղ առաջարկում են էպիլյացիայի այս մեթոդներից մեկը կամ միանգամից երկուսը: Բոլորի մոտ գները եւ սարքավորումները տարբեր են եւ երբեմն դժվար է կողմնորոշվել, ուր կարելի է վստահ դիմել, իսկ ուր՝ ոչ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ մաշկաբան Սոնա Բույնաթյանը նշեց, որ լազերային եւ էլոս էպիլյացիաների արդյունավետությունը եւ անվտանգությունը կախված է մասնագետի արհեստավարժությունից եւ օգտագործվող սարքի որակից:

Լավ մասնագետը կկարողանա ճիշտ կարգավորել սարքը, որպեսզի առավելագույնս արդյունավետ հեռացնի անցանկալի մազերը՝ խուսափելով կողմանկի ազդեցությունից, օրինակ՝ այրվածքներից: Բացի այդ եթե հաճախորդը առողջության կամ մաշկի հետ խնդիրներ ունի, մասնագետը (իդեալական տարբերակում բժիշկը) կկարողանա ճիշտ որոշում կայացնել՝ կարելի է արդյոք անել էպիլյացիա, եթե այո, ապա ինչպես:

Ինչ վերաբերում է սարքավորմանը, ըստ Սոնա Բույնաթյանի, այն պետք է արտադրված լինի հայտնի ընկերության կողմից (Candela, Fotona եւ այլն) եւ որակի հավաստագիր ունենա, օրինակ FDA (Food and Drug Administration, ԱՄՆ): Լազերային էպիլյացիայի ժամանակ օգտագործվում են հատուկ երկարության լազերային ճառագայթներ (շատ տարածված է ալեքսանդրիտային լազերը), որոնք ներթափանցում են մազապարկի մեջ եւ ոչնչազցնում այն: Լավ սարքը հուսալի ձեռքերում արդյունավետ եւ անվտանգ է. ճառագայթները համապատասխանում են բնութագրին, իսկ սարքը համապատասխանում է նշված սատնդարտներին եւ մի շարք հետազոտություններ է անցել:

Անհայտ ծագմամբ սարքը կարող է պարունակել անհայտ ծագման լազերային ճառագայթներ, որոնք կարող են անկախատեսելի կերպով ազդել օրգանիզմի վրա:Նման սարքերը ոչ մի հետազոտություն չեն անցել, չունեն ոչ մի հավաստագիր եւ դրանց օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Այսպիսով, եթե Դուք որոշել ենք լազերային էպիլյացիա կամ Էլոս անել, առաջին հերթին հետաքրքրվեք, թե ձեր ընտրած կլինիկայում կամ սրահում ինչ սարք են օգտագործում, ով եւ որտեղ է արտադրել այն: Ուշադրություն դարձրեք՝ արդյոք սարքի վրա գրված է ընկերության անվանումը եւ մոդելի անվանումը կամ սերիան. բոլոր հայտնի ընկերությունները միշտ գրում են իրենց եւ մոդելի անվանումը:Անհայտ ծագման սարքերի վրա կարող է ոչ մի գրություն չլինել կամ կարող է անհայտ ընկերության կամ հայտնի ընկերության, բայց «վրիպակով» անվանումը լինել: Մասնագետը խորհուրդ է տալիս նման սարքերից հեռու մնալ: Ավելորդ չի լինի հետաքրքրվել նաեւ, թե ով է անելու էպիլյացիան եւ ինչ կրթություն եւ փորձ ունի մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում