Եվրոպայում 2018 թվականի առաջին կեսին ավելի քան 41000 երեխա եւ մեծահասակ կարմրուկով են հիվանդացել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Սա գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը: Ամենից շատ` 23 000 դեպքերը գրանցվել են Ուկրաինայում:
2010 թվականից ԱՀԿ-ն կարմրուկի դեպքերի հաշվառում է կատարում: Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տարեկան ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին՝ մոտ 24 հազար մարդ: Ամենացածր ցուցանիշը եղել է 2016-ին՝ շուրջ 5300 մարդ: Ընթացիկ տարում առնվազն 37 մարդ արդեն մահացել է (մեծամասնությունը (14) Սերբիայում):
2017 թվականի Կարմրուկի եւ կարմրախտի էլիմինացիայի ստուգման եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի գնահատմամբ, տարածաշրջանի 53 անդամ պետություններից 43-ը ընդհատել են կարմրուկի եւ 42-ը կարմրախտի տեղային (որոշակի վայրին բնորոշ) տարածումը:
Որոշ երկրներում համաճարակային հսկողության ոչ համապատասխան մակարդակը եւ պատվաստանյութերի ցածր ընդգրկվածությունը հանգեցրել են նրան, որ հիվանդության կարգավիճակը նորից դարձել է էնդեմիկ:
«Յուրաքանչյուր մարդ, ով պատվաստված չէ, խոցելի է մնում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում»,- զգուշացնում է ԱՀԿ-ի եվրոպական բյուրոյի վարակիչ հիվանդությունների եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության բաժնի տնօրեն Նեդրեթ Էմիրօղլուն:
ԱՀԿ մասնագետները զգուշացնում են, որ կարմրուկի վիրուսը չափազանց վարակիչ է եւ արագ է տարածվում նախատրամադրվածություն ունեցող խմբերի մոտ: Բռնկումների կանխման համար անհրաժեշտ է բնակչության առնվազն 95 տոկոսին պատվատսել կարմրկուկի դեմ երկու պատվաստանյութերով: Սակայն որոշ երկրներում այս ցուցանիշը 70 տոկոսից ցածր է:
Նշենք, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակը հսկողության տակ է, ինչպես մասնագետներն են նշում՝ բնակչության բարձր պատվաստման մակարդակի շնորհիվ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր