Նոր հետազոտությունն ապացուցել է մսի օգուտը, բայց ոչ երշիկի

31 օգոստոսի, 2018  11:46

Կանադացի գիտնականների նոր հետազոտությունը հերքում է մարդու առողջության համար մսի վնասի մասին պնդումները, եթե խոսքը երշիկեղենի եւ այլ վերամշակված մսամթերքի մասին չէ: Ըստ կանադացի դիետոլոգների՝  հավասարակշռված սննդակարգը պետք է բացառի շաքարը եւ հացը, բայց ոչ միսը:

Մաքմասթերի համալսարանի հետազոտությանը մասնակցել է աշխարհի 50 երկրից 218 հազար մարդ: Մարդկանց բաժանել են 5 խմբի՝ կախված սննդակարգից, որի որակը գնահատվել է միավորային համակարգով: Այսպես՝ առողջ սննդակարգը ստացել է 18 միավոր, առավել վնասակարը՝ 11: Այնուհետեւ սննդակարգի որակը համեմատել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հաճախակիության եւ վաղաժամ մահվան հավանականության հետ:

Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ սրտի եւ ամբողջ օրգանիզմի համար ամենաօգտակար սննդակարգը պետք է ամեն օր ներառի կարմիր միս, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, լոբազգիներ, պանիր, յոգուրտ եւ կաթ: Այդ դեպքում հնարավոր է քառորդ մասով կրճատել վաղաժամ մահվան հավանականությունը եւ 22 տոկոսով՝ կաթվածի:

Հետազոտության մեջ սպիտակ միսը չէր ընդգրկվել: Սակայն գիտնականները պնդում են, որ մսի երկու տեսակի օգուտը նույնն է:

Կանադացի գիտնականները շեշտում են, որ առողջ սննդակարգի մեջ պետք է պարունակվի տեխնոլոգիական վերամշակման չենթարկված միս: Այսինքն՝ դա չպետք է լինի երշիկեղեն եւ դրա նման մսամթերք:

Մաքմասթերի համալսարանի գիտնականների կարծիքով՝ օրգանիզմին իսկական վնաս են հասցնում ռաֆինացված ածխաջրերը: Դրանք են արհեստականորեն ստացված շաքարը եւ օսլան, որոնք կարող են պարունակվել հացի, չիպսերի, կարկանդակի, սպիտակ բրնձի եւ այլ մթերքների մեջ: Համալսարանի վարկածով ամենաառողջ սննդակարգում կալորիաների 50 տոկոսը բաժին է ընկնում ածխաջրերին: Մյուս սննդակարգերը, որպես կանոն, ածխաջրերից են կազմված երկու երրորդով:

Գիտնականները նաեւ ընդգծել են, որ չվերամշակված սնունդից կազմված բազմազան սննդակարգերի գործածումը առողջության պաշտպանության շատ ավելի արդյունավետ միջոց կլինի, քան առանձին սնդարար բաղադրամասերով եւ ցածրկալորիական մթերքներով տարված լինելը:

Բժշկական հանրույթը, մսից բացի, վիճում է կաթի օգուտի շուրջ: Կանադացի գիտնականների սննդակարգի մեջ 2 անգամ ավելի շատ կաթնամթերք է պարունակվում, քան դիետոլոգները սովորաբար խորհուրդ են տալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում