Միջերկրածովյան սննդակարգը տարեցների համար օգտակար է

1 սեպտեմբերի, 2018  13:28

Միջերկրածովյան սննդակարգը դրական է անդրադառնում տարեց մարդկանց առողջության վրա: Այսպիսի եզրահանգում են կատարել իտալացի գիտնականները:

Ինչպես հայտնում է British Journal of Nutrition-ը, մրգերով, բանջարեղենով, ձկնեղենով, ձիթապտղով եւ հատիկաբույսերով հարուստ սննդակարգը տարեցների շրջանում 25 տոկոսով նվազեցնում է մահվան հավանականությունը: Իտալացի մասնագետներն իրենց հետազոտությունն իրականացնելիս օգտվել են տվյալներից, որոնք հավաքվել են Moli-sani նախագծի շրջանակում, որը Իտալիայում ամենախոշոր դիետոլոգիական հետազոտություններից մեկն է:

Նախագծին մասնակցել է գրեթե 12 հազար մարդ, այդ թվում՝ 65 տարեկան եւ ավելի մեծ տարիքի թոշակառուներ: Նախագծի յուրաքանչյուր մասնակից պարբերաբար հայտնել է, թե ժամանակի ընթացքում իր սննդակարգն ինչպես է փոխվել: Բժիշկներն, իրենց հերթին, հետեւել են նրանց առողջական վիճակի փոփոխություններին:

Այս տվյալները համեմատելով Եվրոպայի 11 այլ երկրներում անցկացված համանման դիտարկումների արդյունքների հետ՝ գիտնականները փորձել են պատասխանել հարցին, թե միջերկրածովյան սննդակարգին անցումն ինչպես է ազդում թոշակառուների կյանքի տեւողության վրա:

Նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ մեծ տարիքում նման սննդակարգին անցումը զգալիորեն նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը՝ տղամարդկանց շրջանում 24 տոկոսով, կանանց՝ 29 տոկոսով: Դրանից բացի, միջերկրածովյան սննդակարգն ազդել է գլխուղեղի ու սրտի կաթվածներից, ուղեղի ու արյունատար համակարգի տարբեր հիվանդություններից վաղաժամ մահվան հավանականության նվազման վրա:

Գիտնականների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ նման սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցած ճարպեր: Դրանք բարենպաստ են ներգործում անոթների աշխատանքի վրա եւ օրգանիզմին օգնում են ազատվել «վնասակար» խոլեստերինից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում