Գիտնականները մոտ են հերպեսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

3 սեպտեմբերի, 2018  18:08

Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են մեխանիզմներից մեկը, որը հերպեսի վիրուսն օգտագործում է մարդու բջիջներում բազմացման համար, եւ պարզել են, որ այն կարելի է օգտագործել պատվաստանյութ ստեղծելու նպատակով, նշված է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այս վիրուսն օգտագործում է ինքնապատճենման շատ հետաքրքիր ռազմավարություն, որի աշխատանքը մենք շատ երկար ժամանակ չէինք կարողանում բացատրել: Բանն այն է, որ նրա առանցքային սպիտակուցը տարրալուծվում է բջջի մեջ ընկնելուց հետո երկու ժամ անց, մինչդեռ վիրուսի նոր պատճենները ստեղծվում են մի քանի օրվա ընթացքում: Հարց է առաջանում, թե այս ամենն ինչպե՞ս է աշխատում»,- ասում է Նոյ Վարդին:

Հերպեսի վիրուսը Երկրագնդում ամենատարածվածներից մեկն է: Գոյություն ունի այս վիրուսի երկու ենթատեսակ՝ hsv-1 - «մրսածություն» շրթունքներին, եւ hsv-2, որով վարակվելու հետքերը հայտնվում են սեռական օրգանների ծայրամասերին: Ըստ ԱՀԿ ընթացիկ գնահատականների՝ առաջին վիրուսի կրողներն են Երկրագնդի մեծահասակ բնակչության գրեթե կեսը, իսկ երկրորդի՝ մոտ 10-16 տոկոսը:

Հերպեսը, հատկապես hsv-1-ը երկար ժամանակ համարվում էր անմեղ վիրուս, սակայն վերջին տարիներին վկայություններ են հայտնվել, որ այն կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության, էնցեֆալիտի, սեռական օրգանների քաղցկեղի որոշ տեսակների եւ մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների հետ: Իրավիճակը բարդանում է, քանի որ դեռեւս գոյություն չունի հերպեսի դեմ պատվաստանյութ, եւ այս պատճառով մարդը վիրուսով վարակված է մնում իր ամբողջ կյանքի ընթացքում:

Վարդին եւ նրա գործընկերները տարօրինակ մեխանիզմ են հայտնաբերել, որը հերպեսը եւ նրան նման ախտածիններն օգտագործում է վարակված բջիջներում ինքնաբազմացման պրոցեսի գործարկման համար՝ հետեւելով, թե ինչպես է նրա մերձավոր ցեղակից՝ ցիտոմեգալովիրուսը «թափանցում» բջջային պաշտպանական համակարգերի միջով, որոնք վիրուսներին խանգարում են իրենց պատճենել:

Ինչպես պարզաբանում են գիտնականները, այս խոչընդոտների հաղթահարման գլխավոր գործիք է հանդես գալիս pp71 սպիտակուցը, որը վիրուսը վարակված բջիջ է մտցնում նրա գենետիկ նյութի պատճենի հետ: Այս պեպտիդն արգելափակում է մի քանի տասնյակ ֆերմենտների աշխատանքը, որոնք քայքայում են օտար ԴՆԹ-ն, եւ բջջին խանգարում «ինքնասպանություն» կատարել՝ ինֆեկցիայի զարգացումը կանխելու համար:

Ինչպես նշում է Վարդին, գիտնականներին վաղուց է հետաքրքրում, թե ինչու է բջիջը շարունակում սինթեզել նոր վիրուսային մասնիկներ այն բանից հետո, երբ pp71-ի բոլոր մոլեկուլները քայքայվում են: Հոդվածի հեղինակներն այս հարցի պատասխանը գտել են՝ լուսավորվող մոլեկուլի հավաքածուի միջոցով նշելով վիրուսի տարբեր մասերը, այդ թվում՝ նաեւ սպիտակուցը:

Պարզվել է, որ pp71-ը ոչ միայն արգելափակում է բջջային պաշտպանության համակարգերի աշխատանքը, այլեւ եւս երկու խնդիր է կատարում: Այն բջջին ստիպում է սինթեզել եւս մեկ վիրուսային սպիտակուցի՝ IE1-ի մոլեկուլները, իսկ այնուհետեւ նրան օգնում է գործարկել յուրահատուկ «շղթայական ռեակցիան», որը բջջին խանգարում է դուրս գալ վիրուսային նոր մասնիկների արտադրության ցիկլից:

Գիտնականներն այս գաղափարները ստուգել են՝ IE1-ի կառուցվածքն այնպես փոխելով, որ նրա մոլեկուլները սկսել են քայքայվել մի քանի անգամ ավելի արագ: Նման փոփոխությունը կտրուկ նվազեցրել է մասնիկների թիվը, որոնք վարակված բջիջներ են արտադրել, ինչը զգալիորեն դանդաղեցրել է ինֆեկցիայի տարածումը:

Ինչպես նշում են գիտնականները, հերպեվիրուսների նման առանձնահատկությունը կարելի է օգտագործել դեղեր ստեղծելու համար, որոնք կարգելափակեն pp71-ի եւ IE1-ի աշխատանքը, եւ պատվաստանյութեր, որոնք իմունային համակարգին «կթիրախավորեն» վիրուսի այս երկու առանցքային բաղադրիչների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում