Անփորձ բժիշկը հիվանդին հասցրել է ձեռքի անդամահատման

19 սեպտեմբերի, 2018  22:40

Norwegian Breakaway զբոսաշրջային նավի սեփականատերը ստիպված կլինի ավելի քան 3 մլն դոլար վճարել նախկին աշխատակցին, որը ձեռքից զրկվել էր նավի բժիշկի մեղքով: Այս մասին հայտնում է Fox News պարբերականը:

Սերբիայի 30-ամյա բնակիչ Իլիա Լոնչարը մատուցող էր աշխատում Norwegian Breakaway-ում: Նավագնացության ժամանակ նրա մոտ սրտխառնոց է առաջացել եւ հայտնվել են գրիպ հիշեցնող ախտանիշներ: Նա դիմել է բժիկ Սեբաստյան Կամպուզանոյին, որը ընդամենը մի քանի ամիս էր նավում աշխատում եւ բավարար փորձ չուներ:

Կամպուզանոյի հրահանգով բուժակը մատուցողին պրոմետազինի ներերակային ներարկում է կատարել՝ դեղ, որը կիրառվում է ալերգիկ հիվանդությունների բուժման համար: Լոնչարն անմիջապես աջ ձեռքի մեջ այրոց է զգացել, որը փոխակերպվել է ուժգին ցավի, այնուհետեւ ձեռքը կապտել է եւ սեւացել: 20 ժամ հետո նրան ափ են իջեցրել Ֆլորիդայի Կանավերալ նավահանգստում, իսկ մի քանի օր անց հիվանդանոցում ձեռքն անդամահատել են:

Անդամահատում է պահանջվել այն պատճառով, որ դեղի մեծ դոզայի ներերակային ներարկում էր կատարվել, այլ ոչ ներմկանային: Ձեռքը հնարավոր էր փրկել, եթե բժիշկը հիվանդին անհապաղ վիրահատեր կամ կազմակերպեր ուղղաթիռով նրա տարհանումը, մինչդեռ նա չի արել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի դատավորը Norwegian Cruise Line ամերիկա-բերմուդյան ընկերությանը պարտավորեցրել է, որին է պատկանել նավը, Լոնչարին փոխհատուցել 3,3 մլն դոլար, ինչպես նաեւ վճարել դատական ծախսերի եւ հայցվորի իրավաբանի աշխատանքի դիմաց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում