Ալցհեյմերի հիվանդության 7 ախտանշան

24 սեպտեմբերի, 2018  10:50

Ալցհեյմերի հիվանդությունը, որպես կանոն, նախնական փուլերում չի արտահայտվում, եւ ո՛չ ինքը հիվանդը, ո՛չ նրա ազգականները չեն կռահում վտանգավոր հիվանդության զարգացման մասին: Սակայն ավելի ուշ երեւան են գալիս հետեւյալ ախտանշանները.

Կարճաժամկետ հիշողության խանգարում

Վաղ թե ուշ կարճաժամկետ հիշողության կորուստը հանդիպում է Ալցհեյմերի հիվանդությամբ բոլոր մարդկանց մոտ: Նրանք կարող են մոռանալ այն, ինչ ասել են մի քանի րոպե առաջ, կամ մի քանի անգամ կրկնել միեւնույն հարցը: Շատ հաճախ հիվանդները մոռանում են, թե ուր են դրել այս կամ այն իրը: Ընդ որում՝ իրադարձությունները, որոնք վաղուց են տեղի ունեցել, նման հիվանդները, որպես կանոն, լավ են հիշում:

Տարածության եւ ժամանակի զգացողության կորուստ

Ալցհեյմերի հիվանդությունը բերում է ուղեղի աշխատանքի խախտումների, ինչի հետեւանքով հիվանդները մոռանում են օրերը, կոնկրետ վայրերը եւ նույնիսկ տարվա եղանակները: Հենց այս պատճառով Ալցհեյմերի համախտանիշով հիվանդները կարող են հեշտորեն կորել, քանի որ հաճախ ընդունակ չեն հիշել, թե ինչպես են հայտնվել այս կամ այն վայրում:

Կենտրոնանալու, հաշվելու եւ արտահայտվելու դժվարություններ

Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց սվորաբար դժվար է կենտրոնանալ կոնկրետ հանձնարարության կատարման վրա, ինչպես նաեւ հաշվարկներ կատարել, նրանք ի վիճակի չեն օրվա գործողությունների ծրագիր կազմել եւ դրան ճշգրիտ հետեւել: Նման մարդկանց համար բարդ է իրենց մտքերը ռացիոնալ կերպով եւ հետեւողականորեն արտահայտել:

Տրամադրության կտրուկ անկումներ

Ալցհեյմերի հիվանդությամբ շատերի մոտ կարելի է նկատել դեպրեսիվ վիճակ, չափից ավելի գրգռվածություն եւ նյարդայնություն, տրամադրության անհիմն անկումներ:

Ամենօրյա պարտականությունների կատարման անընդունակություն

Հիվանդները ժամանակի ընթացքում դժվարանում են կատարել ամենօրյա հասարակ խնդիրները, որոնք առողջ մարդու մոտ ավտոմատ են կատարվում: Օրինակ՝ նման մարդիկ դժվարանում են լոգանք կամ ցնցուղ ընդունել, գտնել տուն վերադարձի ճանապարհը, աշխատել եւ այլն:

Տեսողության վատթարացում

Ալցհեյմերի հիվանդության դեպքում շատերի մոտ տեսողությունը զգալիորեն վատթարանում է: Նրանք դժվարությամբ են կարդում, առարկաների միջեւ հեռավորությունը աչքաչափով որոշում կամ գույները տարբերակում:

Խոսքի ապարատի աշխատանքի խանգարումներ

 Հաճախ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ դժվարանում են իրենց մտքերն արտաբերել եւ հստակ արտահայտել: Նրանց համար դժվար է զրույցը պահել, անունները կամ իրերի անվանումները հիշել:

Եթե ձեզ մոտ կամ ձեր մերձավորներից որեւէ մեկի մոտ նկատել եք այս անհանգստացնող ախտանիշները, որոնք կարող են վկայել Ալցհեյմերի հիվանդության մասին, ցանկալի է բժշկի դիմել՝ ճշգրիտ ախտորոշում կատարելու համար: Մասնագետը կկարողանա այլ հիվանդությունները բացառել եւ արդյունավետ բուժում նշանակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում