Որքա՞ն մայրեր են Հայաստանում տառապում հետծննդաբերական դեպրեսիայից

12 հոկտեմբերի, 2018  22:11

Հետծննդաբերական դեպրեսիան բավական տարածված երեւույթ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ դրանից տառապում է ամեն 6-րդ երիտասարդ մայրը:

Նման վիճակը բնութագրվում է մշտական տխրությամբ, էներգիայի պակասով, ախորժակի բացակայությմաբ, քնկոտությամբ կամ հակառակը՝ անքնությամբ: Հետծննդաբերական դեպրեսիայի նախանշաններից են նաեւ ուժասպառության զգացողությունը, առանց նշանակալի պատճառի արտասվելը, երեխայի հետ կապվածության բացակայությունը:

Ավելի լուրջ դրսեւորումները, որոնք պահանջում են մասնագետի օգնությանը դիմել, մեղքի, ոչնչության զգացողությունն են, հուսահատությունը եւ ինքնասպանության մասին մտքերը:

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում: News.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊԲՀ-ի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ հետծննդաբերական դեպրեսիան բավական տարածված է հանրապետությունում:

Հիմնվելով Ազգային հետազոտության տվյալների վրա՝ մայրերի մոտ հետծննդաբերական դեպրեսիան կազմում է մոտ 20 տոկոս:

Մասնագետները նշում են, որ առանց պատշաճ բուժման, դեպրեսիայի այդ տեսակը կարող է ամիսներ եւ անգամ տարիներ տեւել: ԱՀԿ-ն մայրերին խորհուրդ է տալիս չմեկուսանալ, ժամանակն անցկացնել ընկերների եւ ընտանիքի շրջապատում, կիսվել մտքերով հարազատների հետ եւ դիմել նրանց օգնությանը: Օգտակար կարող են լինել նաեւ մաքուր օդում զբոսանքները:

Հետծննդաբերական դեպրեսիան բուժվում է, ընդ որում՝ երիտասարդ մորը կարող է օգնել խոսակցական հոգեթերապիան: Ինչ վերաբերում է դեղամիջոցների թերապիային, ապա կրծքով կերակրելու փուլում կարող են գործածվել որոշակի դեղամիջոցներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում