Կարդա ըստ ձեռքերի. Կնոջ սեռական կողմնորոշման մասին կարելի է իմանալ ըստ մատների

22 հոկտեմբերի, 2018  16:30

Գիտնականները փոքր-ինչ տարօրինակ վարկած են առաջադրել այն մասին, թե ինչպես է հնարավոր կնոջ սեռական կողմնորոշումը որոշել, ըստ որում՝ առաջին հայացքից: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը նայել ձախ ձեռքի ցուցամատին եւ ճկույթին, փոխանցում է ВВС-ն: Նրանք, ում ցուցամատը եւ ճկույթը ըստ երկարության տարբերվում են, ավելի հաճախ ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

Գիտնականներն իրենց եզրահանգումները կատարել են 18 զույգ երկվորյակ կանանց մասնակցությամբ հետազոտության հիման վրա, որոնցում մի քույրն ունեցել է ավանդական, իսկ մյուսը՝ ոչ ավանդական կողմնորոշում: Էսեքսի համալսարանի գիտնականները փորձի ընթացքում չափել են փորձարկվողների մատների երկարությունը:

Պարզվել է, որ ոչ ավանդական կողմնորոշմամբ կանայք ունեցել են խիստ «տղամարդկային» ձեռք՝ ցուցամատի եւ ճկույթի երկարությունների տարբերությամբ, ըստ որում՝ հատկապես ձախ ձեռքի: Հետազոտողների կարծիքով՝ այս փաստը արգանդում տեստոստերոնի ակտիվ ազդեցության վկայություն է:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հետազոտությանը ներգրավվել են երկվորյակներ, որոնք ունեցել են 100-տոկոսանոց ընդհանուր գեներ: Սեքսուալությունը որոշվում է դեռեւս մոր արգանդում եւ կախված է կա՛մ արական սեռական հորմոնի ծավալից, որն ազդում է պտղի վրա, կա՛մ հորմոնին պտղի արձագանքից: Ըստ որում՝ տեստոստերոնի բարձր մակարդակի ազդեցությունը մեծացնում է բիսեքսուալության կամ նույնասեռականության հավանականությունը:

Ուշագրավ է, որ տարբեր կողմնորոշմամբ 14 զույգ երկվորյակ տղամարդկանց համանման փորձով մատների երկարության եւ նույնասեռականության միջեւ ոչ մի փոխկապվածություն չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում