Գտնվել է դեպրեսիայի դեմ պայքարի հաճելի միջոց

29 հոկտեմբերի, 2018  10:45

Ֆրայբուրգի համալսարանի գիտնականները հայտնել են դեպրեսիայի դեմ պայքարի հաճելի միջոցի մասին: Նրանց հետազոտության համաձայն՝ տաք լոգանքների պարբերական ընդունումը դրական է ազդում այս հոգեկան խանգարմամբ մարդկանց վրա:

Հետազոտությանը մասնակցել է 45 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 48 տարեկան, հայտնում է bioRxiv-ը: Բոլորի մոտ առկա էր չափավոր կամ ծանր դեպրեսիա: Կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվածները պետք է շաբաթական երկու անգամ ցերեկը կես ժամ տաք լոգանք ընդունեին, ըստ որում՝ ջրի ջերմաստիճանը կազմել է 40 աստիճան: Դրանից հետո նրանք 20 րոպե պառկում էին ջերմակով վերմակի տակ: Երկրորդ խումբը շաբաթական երկու անգամ 40-45 րոպե պետք է կատարեր չափավոր անաերոբային վարժություններ (վազք, պար կամ լող):

Հոգեբանները պարբերաբար հարցումներ են անցկացրել բոլոր մասնակիցների շրջանում եւ հետեւել նրանց ցուցանիշների փոփոխություններին: Փորձարկումն ընդհանուր առմամբ տեւել է 8 շաբաթ: Արդյունքում՝ առաջին խմբի բոլոր մասնակիցների դեպրեսիվ վիճակի ցուցանիշը նվազել է միջինը 6 միավորով, իսկ երկրորդ խմբի մասնակիցների նույն ցուցանիշները՝ միայն 3 միավորով:

Գիտնականների կարծիքով՝ դրական փոփոխությունների պատճառը բնական ջերմաստիճանային ռեժիմի վերականգնումն է, քանի որ դեպրեսիայով հիվանդների մոտ այն խախտվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում