Օդանավակայանի կամ խճուղու մոտ ապրելը կաթվածի վտանգով է սպառնում

7 նոյեմբերի, 2018  13:48

Աղմուկի մշտական ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, գլխուղեղի եւ սրտի կաթվածի վտանգը:

Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Բոստոնում Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մասնագետների հետազոտությունը:

Հետազոտության մեջ ներգրավված է եղել միջինում 56 տարեկան 499 մարդ:

Փորձի նախնական փուլում կամավորներից ոչ մեկի մոտ սիրտ-անոթային կամ ուռուցքային հիվանդություններ չեն հայտնաբերվել: Բոլոր կամավորներին գլխուղեղի եւ անոթների համակարգչային եւ պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիա են արել: Հետազոտության արդյունքներով պարզվել է նշիկաձեւ մարմնի ակտիվությունը, որը կարեւոր դեր է կատարում զգացմունքների ռեակցիաների եւ սթրեսի կարգավորման գործում:

Հետազոտության երկրորդ մասը 5 տարի անց է կատարվել: Այդ ընթացքում 40 կամավորների մոտ ախտորոշվել է գլխուղեղի կամ սրտի կաթված: Փորձագետները կամավորներից յուրաքանչյուրի տանը չափել են աղմուկի աստիճանը՝ այդ ցուցանիշը ավիացիոն եւ ճանապարհային քարտեզի համաձայն գնահատելով:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են օդանավակայանի կամ խճուղու մոտ, նշիկաձեւ մարմինն ավելի ակտիվ է եղել, իսկ զարկերակների բորբոքման աստիճանը՝ բարձր: Այս դեպքում գլխուղեղի եւ սրտի կաթվածի վտանգը եռակի մեծանում է:

Լրացուցիչ հետազոտությունների ընթացքում գիտնականները մտադիր են պարզել՝ կարող է արդյոք աղմուկի աստիճանի նվազեցումը կրճատել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում