Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութը կարող է իրականություն դառնալ

21 նոյեմբերի, 2018  22:35

Նոր պատվաստանյութը կարող է կանխել կամ կասեցնել ուղեղում տոքսիկ վահանիկների կուտակումը, որոնք բերում են դեմենցիայի զարգացման: University of Texas-ի գիտնականները պատվաստանյութ են մշակում, որը կարող է իմունային համակարգին «սովորեցնել» պայքարել այս նյութերի դեմ եւ ուղեղում դրանց կուտակում թույլ չտալ:

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ կապված ԴՆԹ սպիտակուցների վրա հիմնված այս պատվաստանյութը ծերունական տկարամտության զարգացումը դանդաղեցնելու ամենեւին առաջին փորձը չէ, բայց հիմա կարելի է պատվաստանյութի ներմաշկային ներարկում կատարել, եւ այն, ինչպես ցույց են տվել դիտարկումները,  ուղեղի վտանգավոր այտուցներ չի առաջացնում, ինչպես մյուս համանման դեղամիջոցները: Լաբորատոր մկների մասնակցությամբ հետազոտությունները հաստատել են պատվաստանյութի անվտանգությունը:

Նշենք, որ խոսքը ոչ թե ծերունական տկարամտության դեմ դեղի մասին է, որը, ինչպես նախկինում, անբուժելի է, այլ կանխարգելման միջոցի. կարծիք կա, որ ներարկումից հետո ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը կարող է զգալիորեն նվազել: Պատվաստանյութի ներարկումը, համենայնդեպս, լաբորատոր մկների մոտ Ալցհեյմերի հիվանդության դեպքերի թիվը 50 տոկոսով կրճատել է: Սա շատ լավ արդյունք է, եւ գիտնականները մոտ ժամանակներում հույս ունեն պատվաստանյութը փորձարկել նաեւ մարդկանց վրա:

Միայն ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշվում է յուրաքանչյուր 65 վայրկյանը մեկ: Սպասվում է, որ 2050 թվականին հիվանդների թիվը 3 անգամ կմեծանա: Գիտությունը մինչեւ հիմա չի կարողանում ճշգրիտ պարզել, թե կոնկրետ որն է ծերունական տկարամտության զարգացման պատճառը եւ ինչպես դրա դեմ պայքարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում