Կաթվածից հետո Արիզոնայից 14-ամյա Ջոզեֆ Լոնգը չէր կարողանում ո՛չ խոսել, ո՛չ ինքնուրույն ուտել, ո՛չ քայլել: Բժիշկները համոզված էին, որ նա երբեք չի կարողանա այս ամենն անել, բայց Ջոզեֆը բոլորին ապացուցել է, որ նա դեռեւս նույն մարտիկն է: Այսօր՝ ընդամենը մոտ 2 ամիս անց նա կարողանում է թե՛ քայլել, թե՛ խոսել, թե՛ իհարկե՝ ուտել:
Սեպտեմբերի 28-ին Ջոզեֆը տանն էր 4 քույրերի եւ մորաքրոջ հետ, իսկ նրա մայրը գնացել էր մթերք գնելու: Ջոզեֆն անսպասելի ասել է, որ իրեն վատ է զգում, նա գիտակցությունը կորցրել է: Կարճ ժամանակով ուշքի է եկել, փսխոց է ունեցել, որից հետո նորից գիտակցությունը կորցրել է:
Տղայի ազգականները զանգահարել են 911 փրկարար ծառայություն, եւ ժամանած մասնագետները նրան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Ճանապարհին բժիշկները ստիպված էին կատարել սիրտ-թոքային վերակենդանացում:
Հիվանդանոցում բժիշկները կասկածել են, որ տղան կաթվածը ստացել է ուղեղում անեւրիզմի պատճառով: Նեյրովիրաբույժը հաստատել է, որ ծավալուն արյունահոսության հետեւանքով նրա գլխուղեղը սկսել է այտուցվել եւ ճնշում գործադրել ուղնուղեղի վրա: Շտապ վիրահատություն էր անհրաժեշտ:
Ջոզեֆին վեց ժամ վիրահատել են, բայց վիրահատության արդյունքները բժիշկներին չեն բավարարել: Նրանց խոսքով՝ կաթվածն ուղեղին չափազանց մեծ վնասվածքներ էր հասցրել, ուստի տղան հավանաբար ամբողջ կյանքում հաշմանդամ կմար:
Ուղեղի արյան զեղումն անչափ վտանգավոր է եւ հաճախ ավարտվում է հիվանդի մահով կամ նրան անհուսալի հաշմանդամ է դարձնում:
«Բժիշկները մտածում էին, որ Ջոզեֆը ողջ կմնա, բայց նրանցից ոչ մեկը չէր հավատում, որ նա կկարողանա քայլել, խոսել, ինքնուրույն ուտել,- ասել է Ջոզեֆի մայրը՝ Քեյսին: - Հիմա նա այդ ամենը կարողանում է անել, եւ բոլորը, ովքեր հետեւել են նրա վերականգնման պրոցեսին, ասում են, որ սա իսկական հրաշք է»:
Քեյսին նման վիճակում հայտնված մարդկանց խորհուրդ է տալիս «շնչել եւ բժիշկների խմբին վստահել»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր