Ամուսինները, որոնք երեխաներին դայակություն են անում, կանանց ոգեշնչում են կարիերայի աճի գործում. հետազոտություն

12 դեկտեմբերի, 2018  11:40

Ամուսինները, որոնք երեխաներին դայակություն են անում, կանանց ոգեշնչում են կարիերայի աճի գործում: Այսպիսի եզրակացության են հանգել Արիզոնայի համալսարանի մասնագետները:

Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ կանանց պատկերացումն այն մասին՝ իրենց ամուսիններն արդյոք կմնան տանը երեխաների հետ, թե կաշխատեն, զգալիորեն ազդում է սեփական ապագայի վերաբերյալ նրանց կարծիքի վրա: Նրանք, ովքեր համարում են, որ ավելի մեծ թվով  տղամարդիկ են ձգտում երեխաներին դայակություն անել, ընտանիքի ապրուստն ապահովելու անհրաժեշտության պատճառով իրենց ավտոմատ պատկերացնում են կարիերայում ավելի հաջողակ:

Գիտնականները նշում են, որ այս կերպ կանանց կարծիքը ընտանիքում եւ հասարակության մեջ դերի մասին կարող է զգալի ազդեցություն ունենալ սեփական կրթությանն ու կարիերային առնչվող նրա որոշման վրա:

Հետազոտության ընթացքում ԱՄՆ-ից եւ Կանադայից 108-ից մինչեւ 25 տարեկան միայնակ ուսանողուհիները պետք է պատասխանեին հարցին, թե իրենց ապագան ինչպես են պատկերացնում 15 տարի հետո: Գիտնականների ուշադրության կենտրոնում էին նրանք, ովքեր երազում էին ընտանիքի եւ երեխաների մասին:

Ընդ որում՝ փորձարկվողներին տեղեկագրեր էին տվել, որոնոցում ինֆոգրաֆի միջոցով ներկայացված էր վիճակագրական տվյալների լայն սպեկտր, այդ թվում՝ տնային հոգսերն ու երեխաների դաստիարակությունը ստանձնել ցանկացող տղամարդկանց տոկոսային ցուցանիշները: Այս գրաֆիկները կազմվել են երկու տարբերակով՝ մի տարբերակում նշվում էր այն մասին, որ այդ ցուցանիշները 20 տարում կաճեն, մյուսում՝ որ կնվազեն:

Պարզվել է, որ այն կանայք, ովքեր տանը մնացող տղամարդկանց թվի աճի վերաբերյալ դրական կանխատեսումներ են տեսել, իրենց ապագայում կարիերայի հարցում ավելի հաջողակ են պատկերացրել: Իսկ ահա նրանք, ում բաժին էին հասել հոռետեսական կանխատեսումները, իրենց ապագան ավելի հաճախ կապել են ընտանեկան հոգսերի, քան աշխատանքի հետ:

Ըստ գնահատականների՝ ամերիկյան ընտանիքների 70 տոկոսում այսօր աշխատում են երկու ծնողներն էլ, ըստ որում՝ կանայք ավելի ու ավելի հաճախ են դառնում հիմնական վաստակողները: Չնայած դրան, ընտանեկան պարտականությունները շարունակում են անհամամասնորեն բաժին հասնել կանանց, նշում են փորձագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում