ՄՊՎ-ն քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է անգամ երիտասարդ կանանց շրջանում. հետազոտություն

12 դեկտեմբերի, 2018  17:39

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) 16 եւ 18 տեսակներով վարակվելը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման եւ նախաքաղցկեղային վիճակների հավանականությունը մեծացնում է ոչ միայն 30 տարեկանից մեծ կանանց շրջանում, այլեւ երիտասարդ կանանց: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Cancer գիտական ամսագրում:

University of Ljubljana-ի (Սլովենիա) եւ Scientific Institute of Public Health-ի (Բելգիա), հետ համատեղ Karolinska Institutet-ի (Շվեդիա) գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ՄՊՎ քաղցկեղածին շտամներով վարակվելու դեպքում նախաքաղցկեղային հիվանդությունների հավանականությունը մեծ է նույնիսկ այլ սքրինինգ թեստերի նորմալ ցուցանիշների դեպքում:

Վերարտադրողական տարիքի 5 կանանցից 4-ը կյանքի ընթացքում ՄՊՎ-ով է վարակվում, 5 տոկոսի մոտ ինֆեկցիան քրոնիկական ձեւ է ստանում եւ կարող է նախաքաղցկեղային հիվանդություններ ու արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել:

Շվեդիայում 23-ից մինչեւ 64 տարեկան կանայք նախաքաղցկեղային հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու համար սքրինինգ են անցնում էնդոցերվիկալ քսուքի միջոցով: Եթե քսուքում նորմայից շեղումներ են հայտնաբերվում, այն ՄՊՎ ստուգման է ենթարկվում: Նոր կանոնների համաձայն՝ 32 տարեկանից սկսած սքրինինգը պետք է միանգամից ՄՊՎ թեստով անցկացվի, եւ եթե դրա արդյունքը դրական է, վերցվում է բջիջների նմուշ: Եթե արդյունքները նորմայի շրջանակում են, երկրորդ սքրինինգը կատարվում է 3-7 տարի հետո, իսկ նորմայից շեղումների դեպքում անցկացվում է գինեկոլոգիական զննում:

Հետազոտողները արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունն ուսումնասիրել են քսուքի նորմալ արդյունքներով կանանց շրջանում: Դիտարկումների ժամանակահատվածում 9 հազար կանանցից գրեթե 100-ի մոտ զարգացել են նախաքաղցկեղային հիվանդություններ կամ՝ որոշ դեպքերում արգանդի վզիկի քաղցկեղ: Նրանց բջիջների նմուշներն այնուհետեւ ՄՊՎ թեստի են ենթարկել եւ համեմատել առողջ կանանց անհատապես վերցված նմուշների հետ: Գիտնականները հայտնաբերել են, որ 30-ն անց կանանց շրջանում, որոնք բարձր քաղցկեղածին վտանգի (անկախ տեսակից) ՄՊՎ կրող են, նախաքաղցկեղային հիվանդությունների կամ քաղցկեղի զարգացման հավանականությունը 8 անգամ մեծ էր, քան ՄՊՎ բացասական արդյունքներով կանանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում