Ինչո՞ւ է իրականում շաքարը վնասակար

19 դեկտեմբերի, 2018  15:45

Շաքարը կարող է արգելափակել սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորայի բազմացման համար, ինչն էլ անհրաժեշտ է նորմալ քաշի եւ առողջության պահպանմանը: Այս մասին զգուշացնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Մարդու առողջության մեջ աղիների միկրոֆլորայի դերն առանցքային է. ավելի ու ավելի մեծ թվով հետազոտություններ են հաստատում աղիների առողջության եւ ամենատարբեր օրգանների, այդ թվում՝ ուղեղի, փոխկապվածությունը: Աղիների միկրոֆլորայի բաղադրությունը կախված է սննդակարգից: Նախկինում տարածված կարծիքի համաձայն՝ ածխաջրերի ներծծումը կատարվում էր միայն բարակ աղիքում, իսկ շաքարը երբեք չէր հասնում հաստ աղիքին: Վերջերս ցույց տրվեց, որ շաքարը կարող է ազդել միկրոֆլորայի վրա՝ փոփոխելով նրա տեսակային բաղադրությունը:

Հետազոտողներն ուսումնասիրել են գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ սննդակարգի ազդեցությունը մկների օրգանիզմում Bacteroides thetaiotaomicron օգտակար բակտերիայի պարունակության վրա: Նրանք պարզել են, որ գլյուկոզայից եւ ֆրուկտոզայից կազմված սախարոզն արգելափակում է Roc սպիտակուցի (regulator of colonization – գաղութացման կարգավորող) արտադրումը, որը, ինչպես կարելի անվանումից կռահել, անհրաժեշտ է բակտերիաների գաղութացման համար:

Գիտնականները բակտերիաների շտամներ են ստեղծել, որոնցում սպիտակուցի ակտիվությունը չի ճնշվել, եւ ածխաջրերի մեծ պարունակությամբ սննդակարգի դեպքում այս միկրոօրգանիզմները բազմանալու առավելություն են ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում