Ինչպիսի՞ վարժությունները կօգնեն արյան ճնշման իջեցմանը

21 դեկտեմբերի, 2018  11:55

Ֆիզիկական որոշ վարժություններ արյան ճնշման նվազեցմանը նույնքան արդյունավետ են նպաստում, որքան դեղամիջոցները: Այսպիսի եզրակացություն են կատարել Լոնդոնի Տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի եւ Սթենֆորդի գիտնականները:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 39700 մարդու մասնակցությամբ 391 հետազոտությունների արդյունքները: Դրանից 194 հետազոտություն վերաբերել է սիսիտոլիկ («վերին») զարկերակային ճնշումը նվազեցնող դեղերի կլինիկական փորձարկումներին, իսկ 197-ը՝ օրգանիզմի վրա տարբեր վարժությունների ազդեցությանը:

Պարզվել է, որ որոշ վարժություններ իրենց արդյունավետությամբ դեղամիջոցներին չեն զիջում: Դրանք են, մասնավորապես, քայլքը, դանդաղ վազքը, հեծանվավարությունը, լողը, հանտելներով կամ կշռաքարերով վարժությունները:

Ուշագրավ է, որ մշտական բարձր սիստոլիկ ճնշում ունեցող (սնդիկի սյան 140 մմ) հիվանդների դեպքում դեղերի եւ մարզումների արդյունավետությունը գրեթե հավասար էր: Հիպերտոնիկների առողջության վրա ամենից լավ ազդել է դիմացկունության վարժությունների (քայլք, դանդաղ վազք) եւ ուժային մարզումների համակցությունը:

Չնայած դրան, փորձագետները հիպերտոնիայով հիվանդներին կոչ են անում չհրաժարվել բժիշկների նշանակած դեղերն ընդունելուց: Նշվում է, որ վարժությունները կարող են լինել առողջական վիճակի բարելավման լրացուցիչ միջոց:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում