Անսպասելի վտանգ. Սրտի եւ գլխուղեղի կաթվածը կարող է լինել չախտորոշված քաղցկեղի «ախտանշան»

25 դեկտեմբերի, 2018  16:26

Քաղցկեղի ախտորոշումից մի քանի ամիս առաջ տարեց մարդկանց մոտ մեծանում է սրտի եւ գլխուղեղի կաթվածի հավանականությունը, քանի որ քաղցկեղային հիվանդությունները խախտում են արյան համակարգի գործառնությունը եւ թրոմբների առաջացման բերում: Այս մասին նշված է Cornell University-ի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության մեջ: Այսպիսով, սրտի եւ գլխուղեղի կաթվածը կարող է լինել քաղցկեղի յուրատեսակ «ախտանիշ», որը դեռեւս չի հասցրել արտահայտվել:

Blood ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ մասնագետներն ուսումնասիրել են 76 տարեկան միջին տարիքով 374 331 մարդու հիվանդության պատմությունները, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2005-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում: Նրանք այս տվյալները համեմատել են համանման թվով այն մարդկանց տվյալների հետ, ում մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել: Այնուհետեւ քաղցկեղի ախտորոշումից մեկ տարի առաջ երկու խմբերում հետահայաց հետեւել են սրտի եւ գլխուղեղի կաթվածի դեպքերի պատմությանը:

Առաջին 7 ամիսներին երկու խմբերի միջեւ ոչ մի տարբերություն չի եղել: Սակայն հետո սիրտ-անոթային  աղետների զարգացման հավանականությունը մեծացել է այն հիվանդների թվում, որոնց մոտ հետագայում քաղցկեղ էր ախտորոշվելու: Ախտորոշումը կատարելուց մեկ ամիս առաջ, նրանց շրջանում, ում մոտ քաղցկեղն ախտորոշվել է, սրտի կամ գլխուղեղի կաթվածի հավանականությունը ավելի քան 5 անգամ բարձր էր, քան նրանց շրջանում, ում մոտ քաղցկեղ չէր ախտորոշվել:

Հետազոտողները հայտնաբերել են, որ սրտի եւ գլխուղեղի կաթվածի առավել մեծ հավանականություն է եղել թոքերի եւ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդների մոտ: Քաղցկեղի եւ սիրտ-անոթային աղետների միջեւ կապի մեխանիզմը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ քաղցկեղը արյան համակարգի գործառնությունը խախտում է այն հայտնաբերելուց շատ ավելի վաղ: Քաղցկեղը նպաստում է թրոմբների առաջացմանը, որոնք իրենց հերթին սիրտ-անոթային հիվանդություններ են առաջացնում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում