Արհեստական ինտելեկտը կարող է ԷԿԳ-ի միջոցավ հայտնաբերել սրտի վտանգավոր հիվանդությունը

13 հունվարի, 2019  16:29

Ամերիկյան Մեյո կլինիկայի մասնագետներին հաջողվել է ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կարող է հայտնաբերել սրտի վտանգավոր հիվանդությունը՝ ձախ փորոքի անախտանիշ դիսֆունկցիան։ Ընդ որում, որպեսզի ախտորոշում դրվի, նյարդացանցին բավական է սովորական էլեկտրակարդիոգրաման։

Արհեստական ինտելեկտի ուսուցման համար օգտագործվել են մոտ 50 հազար պացիենտների տվյալներ։ Ընդհանուր առմամբ՝ նյարդացանցը կարողացել է վերլուծել տվյալների ավելի քան 625 հազար հավաքածու, ընդ որում՝ պացիենտների ԷԿԳ-ի ցուցանիշները դիտարկվել են էխոկարդիոգրաֆիայի (սրտի աշխատանքի ուլտրաձայնային հետազոտություն) տվյալների հետ միասին։

52 պացիենտների հետ կատարված թեսթերը ցույց են տվել բարձր ճշգրտություն՝ ավելի քան 85 տոկոսի դեպքում արհեստական ինտելեկտը կարողացել է ախտորոշել ձախ փորոքի անախտանիշ դիսֆունկցիան։ Ընդ որում, նյարդացանցը կարողացել է հիվանդությունը հայտնաբերել նույնիսկ դրա զարգացման վաղ փուլում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ախտորոշման մյուս տարբերակներն անարդյունք են եղել։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine գիտական ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում