Բարիաթրիկ վիրաբուժությունից հետո հիվանդը չի՞ գայթակղվում սննդով

4 հունիսի, 2014  12:37

Բարիաթրիկ վիրաբուժությունը օգնում է «վերակարգավորել» հիվանդի ուղեղը, ինչի արդյունքում մարդկանց սնունդը այլեւս չի հետաքրքում, ցույց է տվել ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը։

Հետազոտողները ՄՌՏ սքանավորման միջոցով ուսումնասիրել են նիհարելու համար տարբեր մեթոդներ ընտրած հիվանդների։ Նրանք բացահայտել են, որ կախված նիհարելու համար օգտագործված մեթոդից՝ մարդկանց ուղեղը տարբեր կերպ է արձագանքում սննդի նկարներին, հայտնում է  Daily Mail-ը։

Միսուրի-Քենզաս-Սիթի համալսարանում կատարված հետազոտությունը համեմատել է բարիաթրիկ վիրաբուժությամբ եւ ավանդական մեթոդներով նիհարած մարդկանց։

Դիետաների օգնությամբ նիհարած 16, իսկ բարիաթրիկ վիրահատության ենթարկված 15  մարդ մասնակցել է այս հետազոտությանը։ Նրանք եղել են նույն տարիքի, կրթական մակարդակի եւ ամենակարեւորը՝ գրեթե նույն ՄԶԻ-ով (մարմնի զանգվածի ինդեքս)։

Գիտնականները պարզել են, որ դիետաների օգնությամբ նիհարած մասնակիցների ուղեղները ենթակեղեւային հատվածում (որը կարգավորում է զգացմունքները) ավելի ակտիվ են եղել պիցցաների եւ ախորժաբեր ուտեստների նկարներ նայելիս։

Մյուս կողմից, ստամոքսը կապելու վիրահատության ենթարկված մարդիկ սովի տանջանքներ չեն ունենում։ «Նրանք այնքան էլ հետաքրքված չեն սննդով»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, հոգեբան Ամանդա Բրյուսը՝ Միսուրի-Քենզաս-Սիթի համալսարանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում