Մանկական ավտոբազկաթոռները վթարների դեպքում վնասվածքների եւ մահվան հավանականությունը 50-80 տոկոսով նվազեցնում են. նախարար

23 հունվարի, 2019  12:57

Մանկական ավտոբազկաթոռների (baby car seat) օգտագործումը կարող է 50 տոկոսով նվազեցնել ավտովթարների դեպքում երեխաների ծանր վնասվածքներ ստանալու եւ դրանց հետեւանքով մահվան հավանականությունը, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին, եւ ամբողջ 80 տոկոսով, եթե այն հետեւի նստատեղին է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վկայակոչելով միջազգային տվյալները:

Նրա խոսքով՝ մանկական վնասվածքների եւ վթարների հետեւանքով մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալները Հայաստանում սկսել են հավաքել միայն անցյալ տարվանից: Հայաստանի մանկական հիվանդանոցներում ամբողջ տարվա ընթացքում կարելի է մեծ թվով երեխաների տեսնել ծանրագույն վնասվածքներով, այդ թվում՝ գանգ-ուղեղային, որոնք ստացել են վթարների հետեւանքով: Ավտոբազկաթոռները կկարողանային օգնել խուսափել այս վնասվածքների մեծամասնությունից:

Նախարարի խոսքով՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտոբազկաթոռները կարող են զգալիորեն մեծացնել ցանկացած վթարի դեպքում երեխայի ապրելիության եւ անվնաս մնալու հնարավորությունները, ուստի դրանց նշանակությունը չի կարելի թերագնահատել:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ պետության գործառույթներից մեկն է իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը, այդ թվում ՝ երեխաների, անկախ այն հանգամանքից՝ նրանց ծնողները դա հասկանում են, թե ոչ:

Նախարարը հիշեցրեց, որ առաջարկվում է մինչեւ 7 տարեկան երեխաներին ավտոմեքենաներով տեղափոխել միայն հատուկ ավտոբազկաթոռների մեջ նստած, որը կհամապատասխանի նրանց հասակին եւ քաշին, իսկ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաներին՝ կա՛մ համապատասխան ավտոբազկաթոռների մեջ նստած, կա՛մ անվտանգության ամրագոտին կապած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում