Սիրո ուժը. Չնայած մետաստազներին, կինը որոշել է բուժումից հրաժարվել, որպեսզի հղիությունը չընդհատի (տեսանյութ)

28 հունվարի, 2019  17:38
Քեյթ անունով կինը (ազգանունը չի նշվում) հրաժարվել է մետաստազների բուժումից, երբ իմացել է, որ 20-շաբաթական հղի է:

Կինը դարձել է BBC Two-ում Hospital ծրագրի հերոսուհի: Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, եւ նա ենթարկվել էր կրկնակի մաստէկտոմիայի: Սակայն որոշ ժամանակ անց բժիշկները նրան հայտնել են սարսափելի նորությունը՝ քաղցկեղը վերադարձել էր եւ այս անգամ ախտահարում էր նրա ոսկորները: Քեյթը միաժամանակ տեղեկացել է, որ գտնվում է հղիության 20-րդ շաբաթում:

Կինն արդեն մեկ երեխա ուներ եւ հանուն երկրորդի նա որոշել է հղիությունը չընդհատել ու հրաժարվել մետաստազների դեմ բուժումից, որը կարող էր ծանր վնաս հասցնել պտղի առողջությանը:

Աղջիկը լույս աշխարհ է եկել ժամկետից 6 շաբաթ վաղ, կեսարյան հատմամբ: Քեյթը միայն դրանից հետո է կարողացել սկսել ճառագայթային թերապիա ընդունել:

Բժիշկները խոստովանում են, որ չգիտեն, թե նրան ապրելու որքան ժամանակ է մնացել: Սակայն աշխարհի տարբեր երկրներից համացանցի օգտատերերը Քեյթին իրենց աջակցությունն են հայտնում՝ նշելով մայրական սիրո ուժը եւ ինքնազոհաբերման պատրաստակամությունը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում