Կարելի՞ է արդյոք, որ դիաբետով հիվանդը մեղր ուտի

22 փետրվարի, 2019  21:01

Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում քաղցրեղեն ուտել հասկանալի պատճառով՝ շաքարը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման։ Որոշ մարդկանց, սակայն, թվում է, թե քաղցրեղենը կարելի է փոխարինել բնական մեղրով, եւ որ դիաբետով հիվանդներին մեղրը չի վնասի։

Արդյո՞ք այդպես է։ NEWS.am Medicine-ի թղթակցին այս հարցը պարզել օգնել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Իրականում դիաբետով հիվանդներին մեղր ուտել խորհուրդ չի տրվում, ասում է մասնագետը։ Շատ մարդկանց թվում է, որ եթե մեղրը «բնական» է, ապա այն ինչ-որ առավելություններ ունի զտված շաքարի համեմատ, բայց իրականում թե՛ շաքարը, թե՛ ամենաբնական մեղրը միանման ազդեցություն ունեն օրգանիզմի վրա եւ միանման արագությամբ բարձրացնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ՝ այստեղից բխող հետեւանքներով։

«Մեղրը կազմված է տարբեր շաքարներից եւ օրգանիզմի վրա իր ազդեցությամբ ոչնչով չի տարբերվում զտված շաքարից»,- ասում է մասնագետը։

Ինչ-որ իմաստով մեղրը դիաբետով հիվանդների համար կարող է անգամ ավելի վնասակար լինել, քան որոշ քաղցրավենիքներ, քանի որ հալված մեղրն ավելի արագ է ներծծվում եւ արագ էլ հանգեցնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի թռիչքի։

 «Իրականում այն ամենը, ինչ կարելի է ասել շաքարի մասին, ճիշտ է նաեւ մեղրի պարագայում։ Ուստի, չարժե, որ դիաբետով հիվանդները մեղր օգտագործեն, այնպես, ինչպես մյուս քաղցրեղենները»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում