Ի՞նչ է սոցիալական ցուցումով աբորտը եւ ո՞ր դեպքերում է այն թույլատրված

9 հունիսի, 2014  10:39

Շատերը կարծում են, որ սոցիալական ցուցումով աբորտը ինչ-որ կերպ կապված է ծայրահեղ աղքատության հետ: Սակայն, ինչպես լրագրողներին պատմեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, դա այդպես չէ:

Իսկ ի՞նչ է այդ դեպքում սոցիալական ցուցումով աբորտը եւ ո՞ր դեպքերում է այն թույլատրված:

Ինչպես նշեց Կարինե Սարիբեկյանը, սոցիալական ցուցումներով աբորտը հնարավոր է մինչեւ հղիության 22-րդ շաբաթը, եւ այդ ցուցումները մի քանիսն են.

- Բռնաբարության արդյունքում հղիություն: Եթե կինը հղիացել է բռնաբարության արդյունքում, նա, ըստ գործող օրենքի, կարող է աբորտ անել մինչեւ հղիության 22-րդ շաբաթը:

- Ամուսնու կամ կնոջ ազատազրկման վայրում գտնվելը:

- Ամուսնու մահը հղիության ընթացքում:

- Կնոջ՝ ծնողական իրավունքից զրկվելը: Եթե կնոջը զրկել են ծնողականիրավունքից նախորդ երեխայի հետ կապված խնդիրների պատճառով, դա նույնպես կարող է լինել ցուցում՝  հղիությունը ընդհատելու համար, նշեց Կարինե Սարիբեկյանը:

«Երբեմն հնչում է, որ ծայրահեղ աղքատությունը կարող է լինել ցուցում: Ոչ, նման բան չկա», - ասաց նա:

Բացի այդ, Հայաստանի Վերարտադրողական առողջության մասին օրենքը, որը ընդունվել է 2002 թվականին, թույլ է տալիս աբորտ անել ըստ կնոջ ցանկության՝ մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ այդ ժամկետում կինը կարող է չպարզաբանել աբորտի պատճառը; ամուսնու համաձայնությունը կամ գրավոր դիմում նույնպես պետք չեն:

Մինչեւ հղիության 22-րդ շաբաթը հղիությունը հնարավոր է նաեւ ընդհատել բժշկական ցուցումներով, երբ հղիության զարգացումը անհնար է եւ համատեղելի չէ մոր կամ պտղի կյանքի հետ:

Բոլոր մյուս դեպքերում աբորտը Հայաստանում թույլատրված չէ, բայց չնայած դրան, սեռով պայմանավորված աբորտների թիվը բավական մեծ է, ինչը լուրջ խնդիր է երկրի համար, քանի որ տարեկան մոտ 1500 երեխա չի ծնվում միայն աղջիկ լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ այժմ օրենքի մի նոր նախագիծ է քննարկվում, որը ենթադրում է մինչեւ հղիության 30-րդ շաբաթը արգելել ծնողներին երեխայի սեռը հայտնելը եւ այդպիսով նվազեցնել սեռով պայմանավորված աբորտների թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում