Հայաստանում 2018 թվականին, վերջին 10 տարիների հետ համեմատ, գրանցվել է առաջին տեսակի դիաբետի դեպքերի ռեկորդային թիվ

20 մարտի, 2019  17:00

2018 թվականին Հայաստանում գրանցվել է առաջին տեսակի դիաբետի 106 նոր դեպք մինչեւ 18 տարեկան անձանց շրջանում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարիների ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես նշվել է, ավելի վաղ տարեկան կտրվածքով գրանցվում էր միջինը 70-80 նման դեպք։ «Դիաբետով հիվանդացության աճ գրանցվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։ Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, ռիսկի գործոններ կարող են լինել վատ էկոլոգիան, վարակները, քաղցկեղածին նյութերը սննդում եւ այլն։

Աղաջանովան տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցվել է առաջին տեսակի դիաբետով մոտ 600 անչափահաս հիվանդ։ Նրա խոսքով՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ տարվում են բանակցություններ առաջին տեսակի դիաբետով հիվանդներին որոշակի արտոնություններ տալու մասին։ Դա, մասնավորապես, վերաբերում է անվճար բուժմանը էնդոկրինոլոգիայի բաժանմունքում 18-ից բարձր տարիքի անձանց համար։ Այսօրվա դրությամբ նրանք կարող են օգտվել այդ հնարավորությունից, եթե նրանց առողջական վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում