Գրիպը եւ սուր շնչառական վիրուսային վարակները նահանջում են. Հայաստանում ամեն շաբաթ գրանցվում է գրիպի մոտ 5-6 դեպք

26 մարտի, 2019  20:28

Գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների սեզոնն այս տարի արդեն նահանջում է. վերջին շրջանում ամեն շաբաթ գրանցվում է H1N1 եւ H3N2 գրիպի ոչ ավելի, քան 5-6 դեպք։ Իսկ գրիպի В տեսակի վիրուսներն այս սեզոնին չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատկապես վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժանմունքի պետ Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքով՝ պոլիկլինիկաներին դիմումների, շտապօգնության եւ հոսպիտալացման թիվը գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների ու դրանց բարդացումների պատճառով վերջին շրջանում կրճատվում է, եւ այդ ամենն ակնհայտ ցույց է տալիս, որ սեզոնը մոտենում է ավարտին։ Պաշտոնապես, իհարկե, այն կտեւի մինչեւ ապրիլի վերջ։

Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնի սկզբից առայսօր, ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, մոտ 1300 լաբորատոր հետազոտություն է անցկացվել, եւ միայն պացիենտների 25 տոկոսի մոտ է հայտնաբերվել H1N1։ Իսկ հիմնականում պացիենտների մոտ հայտնաբերվել են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, շնչառական-սինցիտիալ վիրուսներ եւ այլն։

Ինչպես նշել է մասնագետը, սուր շնչառական հիվանդությունները եւ եղանակը փոխկապված են. երբ ցրտում է, վիրուսային հիվանդություններն ակտիվանում են, բայց հիմա անգամ ցրտելու ժամանակ պացիենտներն ավելի քիչ են, քան ձմռանը։

Շաբաթվա վերջին, ինչպես նշել է Լիանա Թորոսյանը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, ամենայն հավանականությամբ, գրիպի եւ շնչառական հիվանդությունների ամենօրյա մոնիթորինգից կանցնի շաբաթականի։

Անգամ եթե առաջիկայում Հայաստանում եղանակը տաքանա, մասնագետը, միեւնույն է, խորհուրդ է տալիս զգոն լինել, սեզոնին համապատասխան հագնվել, լվանալ ձեռքերը եւ կանոնավորապես օդափոխել սենյակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում