Ո՞ր ժամին է պետք պառկել քնելու. մասնագետի կարծքիը

28 մարտի, 2019  20:28

Վերջին շրջանում մենք հաճախ ենք խորհուրդներ լսում այն մասին, որ պետք է պառկել քնելու ժամը 22-23-ից ոչ ուշ՝ միայն  այդպես կարելի է քունն առնել եւ առավոտյան առույգ արթնանալ: Ոմանց անգամ խորհուրդ են տալիս ավելի շուտ պառկել քնելու՝  երեկոյան ժամը 19-20-ին:

Արդյոք իսկապես կարեւո՞ր է, թե որ ժամին է մարդը պառկում քնելու: Կարո՞ղ է արդյոք քնելու ժամն ազդել քնի որակի վրա: Այս հարցերին պատասխանել է նյարդաբան Լուսինե Վարդանյանը:

Մասնագետի կարծիքով, իրականում կարեւոր չէ, թե որ ժամին է մարդ պառկում քնելու, կարեւոր է մեկ այլ բան՝ օրական 7 ժամից պակաս չքնելը:

Սա նշանակում է, որ եւ արտույտները եւ բուերը կարող են նորմալ քունն առնել, եթե օրական գոնե 7 ժամ քնեն: Եթե դուք արթնանում եք առավոտյան 6-ին, պետք է երեկոյան 23:00-ից ոչ ուշ պառկել քնելու: Բայց եթե դուք բու եք եւ սովորել եք պառկել քնելու գիշերը 3:00-ին, լիովին նորմալ է, եթե դուք քնեք մինչեւ առավոտյան 10-ը:

Քունը նորմալ առնելու համար, կարեւոր է ոչ թե այն, թե որ ժամին է մարդը պառկում քնելու, այլ որքանով  է այն լիարժեք եւ առանց ընդհատումների տեւում:

Եթե մարդն ամբողջ 7 ժամվա ընթացքում նորմալ է քնում, առավոտյան նա առույգ եւ քունն առած կարթնանա:

Իսկ եթե գիշերը նա մի քանի անգամ արթնանա, չի կարողանա լիարժեք քունն առնել, եթե անգամ վաղ պառկի քնելու եւ մինչեւ կեսօր քնի:

Քնի որակի բարձրացման համար, ինչպես նշեց մասնագետը, կարեւոր է հետեւել այսպես կոչված քնի հիգիենային. աշխատեք քնել եւ արթնանալ նույն ժամին, ամեն օր, այդ թվում հանսգտյան օրերին: Քնելուց առաջ աշխատեք չուտել, ալկոհոլային խմիչքներ չխմել եւ չնայել հեռուստացույցի, համակարգչի կամ հեռախոսի էկրանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում