4-ամյա տղայի ատամները սկսել են փտել սոյայի կաթի պատճառով

13 ապրիլի, 2019  09:48

Թաիլանդի Փհուքեթ կղզուց 4-ամյա Նոնգ Կաայի ատամները սկսել են փտել սոյայի կաթ գործածելու պատճառով: Բժիշկները ստիպված էին հեռացնել ամբողջ 18 փտած ատամ:

The Mirror պարբերականը հայտնում է, որ ապրիլի 9-ին տղային կլինիկա են բերել ատամների սուր ցավով: Նրա մայրը՝ Սուպատրա Տումկլինը բացատրել է, որ ինչ-որ ժամանակ որդին ստամոքսային գրիպով է հիվանդացել, եւ բժիշկները խորհուրդ են տվել այն բուժել սոյայի կաթով:

«Այն բանից հետո, երբ կաթը փոխեցի, նրա ատամները սկսեցին դեղնել: Ես փորձում էի մաքրել, բայց դեղնությունը մնում էր»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ ատամներն ամեն անգամ մաքրելիս տղայի լնդերն արնահոսում էին եւ ցավում: Այդ ժամանակ մայրը մտածում էր, որ փտած կաթնատամները շուտով կընկնեն, եւ դրանց տեղում կաճեն հիմնական ատամները: Սակայն ժամանակի ընթացքում երեխան սկսել է գանգատվել սուր ցավից:

Ատամնաբույժները ստիպված էին հեռացնել պացիենտի 18 վնասված ատամները: Բուժող բժիշկն ասել է, որ փտումը երեխային վտանգ էր սպառնում եւ կարող էր ծանր ինֆեկցիա առաջացնել:

Բժիշկը ծնողներին կոչ է արել ուշադիր հետեւել իրենց երեխաների ատամների վիճակին, քանի որ կաթնատամները նույնքան կարեւոր են, որքան հիմնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում