37-ամյա կինը կեսարյան հատման ժամանակ կաթված է ստացել

7 մայիսի, 2019  19:33

Մեծ Բրիտանիայից 37-ամյա Սամանտա Ուիլքինսոնը ստիպված է հաշմասայլակով տեղաշարժվել այն բանից հետո, երբ կեսարյան հատման ժամանակ կաթված է ստացել: Սամանտան խոստովանում է, որ իր կյանքը կործանված է համարում, եւ մինչեւ հիմա ինքնասպանության մտքեր է ունենում:

Երկունքի ցավերը սկսվելուց հետո Սամանտային տեղափոխել են Royal Albert Edward Infirmary հիվանդանոց. նա պետք է ծներ իր երրորդ երեխային: Բարդությունների պատճառով որոշվել է շտապ կեսարյան հատում կատարել, որն, ըստ երեւույթին, առաջացրել է հեմոռագիկ կաթված՝ ուղեղի արյան զեղում:

Սամանտայի խոսքով՝ բժիշկները մեկ ժամ անտեսել են կաթվածի ախտանշանները եւ թանկարժեք ժամանակ են կորցրել, որն ահնրաժեշտ է միջամտության համար: Երբ նա գանգատվել է մարմնի մի մասի տարօրինակ ընդարմացումից, բուժաշխատողները դա բացատրել են անեսթեզիայի էֆեկտով: Իսկ երբ բժիշկները հասկացել են, որ Սամանտան լուրջ խնդիր ունի, նրա ուղեղում արդեն կիտրոնի չափի «արյան լճակ» էր առաջացել:

Այս վնասվածքների հետեւանքով Սամանտան ցմահ գամված կմնա հաշմասայլակին: Դրանից բացի, նա տառապում է էպիլեպտիկ նոպաներով եւ անմիզապահությամբ, եւ հաճախ է ունեցել ինքնասպանություն գործելու մտքեր: Երբեմն նա այնքան ուժգին գլխացավեր է ունենում, որ տառացիորեն գլուխը պատին է զարկում:

2017 թվականին նա նույնիսկ ինքնսպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ ախտորոշվել է թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություն: Սամանտան կարծում է, որ այս խնդիրը նույնպես կարող էր անհաջող վիրահատության հետեւանքով առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում