Արցախի առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 5 մլրդ 914 մլն դրամ

24 մայիսի, 2019  17:27

Մայիսի 24-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ:

Ներկայացնելով  նախարարության կատարողականը, ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ 2018 թ. պետական բյուջեից տրամադրվել է 5 մլրդ 982 մլն դրամ, մատուցվել է 5 մլրդ 987 մլն դրամի ծառայություն, որով պայմանավորված՝ առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 5 մլրդ 914 մլն դրամ կամ 98,9 %-ը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ ոլորտին պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 906 մլն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 127 մլն դրամ, կատարողականը՝ 21 մլրդ 834 մլն կամ 95%-ը, ճշտված բյուջեի՝ 99%-ը: Նախարարի փոխանցմամբ՝ 2017թ-ի համեմատ նախարարության իրականացրած ծրագրերի փաստացի ծախսերն ավելացել են 925 մլն դրամով, ինչը պայմանավորված է 2018 թ-ին վերաբնակեցման ծրագրով բնակարաշինության գործընթացով, ինչպես նաև Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շահառուների թվաքանակի աճով:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի խոսքով, համակարգի պահպանման ծախսերը հաշվետու տարում կազմել են 210 մլն 293 մլն դրամ, կատարողականը՝ 98,1 %:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում