Երրորդ դեպքը պատմության մեջ. հեռացված արգանդով կինը հղիացել է եւ 4,5 լիտր արյուն կորցրել

1 հունիսի, 2019  10:30

Արտասովոր դեպք է տեղի ունեցել Եթովպիայում. 32-ամյա կինը, որի արգանդը հեռացված էր, հղիացել է։ Պտուղը զարգանում էր ելուստում, որը մնացել էր օրգանը հեռացնելուց հետո։

Անունը չնշած կինը հոսպիտալացվել է որովայնի սուր ցավերի պատճառով, ունեցել է սրտխառնոց, գիտակցության կորուստ եւ արագասրտություն։ Պացիենտը նաեւ առատ արնահոսություն ուներ եւ շոկային վիճակում էր։ Պարզվել է, որ այս բոլոր դժբախտությունների պատճառը էկտոպիկ հղիությունն է, երբ ձվաբջջի իմպլանտացիան տեղի է ունենում արգանդի խոռոչից դուրս։ Եթովպուհու պարագայում սաղմը 13 շաբաթ զարգացել էր ինքնատիպ «կուլտում», որը մնացել էր արգանդը հեռացնելուց հետո։

Նման բան տեղի է ունեցել ընդամենը երեք անգամ բժշկության պատմության մեջ։ Վերջին անգամ հղիություն արգանդի «կուլտում» գրանցվել էր 1968-ին։

Պացիենտը հիստերէկտոմիայի էր ենթարկվել (արգանդի հեռացման վիրահատություն) էկտոպիկ հղիությունից վեց տարի առաջ։ Նշվում է, որ ինքը՝ պտուղը, չի ապրել, իսկ կինը ընդհանուր առմամբ կորցրել է 4,5 լիտր արյուն։ Շտապ վիրաբուժական միջամտությունից հետո նա հիվանդանոցում անցկացրել է ինն  օր։ Բժիշկների ասելով՝ կինը կյանքի եւ մահվան եզրին էր, բայց արդյունքում ապաքինվեց։

Արտասովոր դեպքը նկարագրվել է Medical Case Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում