Ձվարանները հեռացնելու փոխարեն երեխա է ունեցել

18 հունիսի, 2014  19:50

Նոր Զելանդիայի բնակչուհի Ռեբեկա Օլդհեմը որովայնի շրջանում ցավերով տեղական հիվանդանոցներից մեկի բժիշկներին է դիմել, որոնք էլ, մի շարք հետազոտությունների արդյունքում, հավաստիացրել են, թե ցավերի պատճառը հեռացման ենթակա ձվարաններն են, պատմում է FoxNews-ը:

Բայց հանկարծ, արդեն վիրահատարանում պարզվել է, որ 25-ամյա կնոջը հաճելի անակնկալ է սպասվում: Բժիշկները հասկացել էին, որ ձվարանները հեռացնելու փոխարեն հարկ է կեսարյան հատում կատարել` 32 շաբատական, բայց եւ ավելի քան 4 կգ կշիռ ունեցող երեխային լույս աշխարհ հանելու համար: «Քիչ էր մնում` ընդհանրապես զրկվեի երեխա ունենալու պարգեւից, քանի որ ասում էին` ձվարանների հետ կապված խնդիր ունեմ, եւ հանկարծ` արու զավակ է ծնվում» - պատմել է Ռեբեկան` New Zealand Herald-ին տված հարցազրույցին:

Զարմանահրաշ Ջեյմսը նորզելանդուհու միակ երեխան չէ` երկու տարեկան քույր էլ ունի: «Երբ տղաս գիշերները լաց է լինում, ասում եմ, քնիր, Հեյլի, եւ հետո միայն հիշում, որ դա Հեյլին չէ», - պատմել է մայրը:

«Մարդիկ հարցնում են` ինչպե՞ս կարող էիր չիմանալ: Բայց ես իսկապես չգիտեի: Բժիշկներն անգամ զարմացած են, թե ինչպես մի շարք հետազոտությունների (երեքը` համակարգչային, երկուսը` արյան եւ վեցը` հղիության) արդյունքում հղիությունը չի բացահայտվել եւ հիմա են միայն հասկանում, որ ցավերը երեխայի անհարմար դիրքի հետեւանքն էին»:

Հիվանդանոցի ղեկավարությունը ներքին հետաքննություն է սկսել` տեղի ունեցածի պատճառները բացահայտելու համար: Օլդհեմը անհամբեր պատասխանի է սպասում. վիճակագրությունն ասում է, որ 7000 մայրերից ընդամենը մեկը կարող է այդքան ուշ իմանալ իր հղիության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում