Հայաստանում նախատեսվում է ստեղծել «շտապ օգնության» միասնական զանգերի կենտրոն

20 օգոստոսի, 2019  11:37

Հայաստանում նախատեսվում է ստեղծել ամբողջ երկրի համար միասնական «շտապ օգնության» զանգերի կենտրոն, որի մասնագետները անհրաժեշտության դեպքում զանգերն ու կանչերը կվերաուղղորդեն մարզային հիվանդանոցներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ մարդիկ բավականին դժվարությամբ են միանում «շտապին» զանգահարելու անհրաժեշտ կենտրոն: Օրինակ՝ եթե Եղեգնաձոր քաղաքից որեւէ մեկը բջջային հեռախոսով հավաքում է 1-03 համարը, նրան կարող են պատասխանել Երեւանի զանգերի կենտրոնից կամ, ասենք, Վայքի՝ նրա տեղադրությանը մոտ վայրի փոխարեն: Մարդը ստիպված է կրկին զանգահարել կամ այլ համարով զանգահարել, որը նրան կտրամադրեն, եւ արդյունքում նա շատ ժամանակ կկորցնի:

Իսկ եթե երկրում գործի մեկ զանգերի կենտրոն, որը կստանա բոլոր զանգերը, եւ մասնագետները դրանք կվերաուղղորդեն անհրաժեշտ վայր՝ կանչերը փոխանցել բրիգադներին կամ մարզային հիվանդանոցներ, դա կօգնի խնայել շատ թանկարժեք ժամանակ:

Նախարարի խոսքով՝ այս գաղափարի ուղղությամբ արդեն աշխատում են, եւ դրա իրականացման համար ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջվի՝ սա ավելի շուտ կազմակերպական հարց է: Եթե, այնուամենայնիվ, լրացուցիչ ֆինանսավորում պահանջվի, այն հնարավոր կլինի ապահովել ունեցած բյուջետային միջոցներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում