Որոշ մարդկանց համար սաունան կարող է օգտակար լինել, իսկ որոշների համար՝ վնասակար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հիվանդություն, որոնց դեպքում չի կարելի սաունա հաճախել:
Վարիկոզ
Վարիկոզ հիվանդության ժամանակ անոթները լայնանում են, սկսում են վատ կատարել իրենց գործառույթները, իսկ պատերը բարակում են: Այս հիվանդության ժամանակ բարձր ջերմաստիճանը կարող է չափազանց վտանգավոր լինել, այդ պատճառով խորհուրդ է տրվում զերծ մնալ ոչ միայն սաունա հաճախելուց, այլ նաեւ տաք լոգանքներից:
Բարձր ջերմաստիճանը ոչ միայն վատացնում է արդեն վնասված անոթների վիճակն ու նպաստում նորերի վնասմանը, այլ նաեւ մեծացնում է արյան հոսք թրոմբների ներթափանցման ռիսկը՝ հետագա բոլոր խնդիրներով, օրինակ՝ ինսուլտ եւ ինֆարկտ:
Սրտանոթային հիվանդություններ
Սրտի եւ անոթների որոշ հիվանդությունների դեպքում սաունայի բարձր ջերմաստիճանը կարող է ցուցված լինել, իսկ որոշ դեպքերում՝ հակացուցված: Այդ պատճառով, եթե սրտանոթային որեւէ հիվանդություն ունեք, ապա պետք է նախքան սաունա գնալը պարտադիր խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ:
Մաշկային հիվանդություններ
Սաունան կարող է խորացնել առկա մաշկային խնդիրները, սրել ենթամաշկային ցանցաշերտում եւ առավել խորը շերտերում բորբոքային պրոցեսները: Մաշկային հիվանդությունների դեպքում մաշկի պաշտպանական հատկությունները խախտված են, եւ սաունայի պայմաններում դա կարող է նպաստել պաթոգեն ֆլորայի առավել ակտիվ բազմացմանն ու առավել խորը շերտեր բակտերիաների ներթափանցմանը: Եթե ունեք մաշկային հիվանդություն, ապա սաունա հաճախելուց առաջ պարտադիր խորհրդակցեք մաշկաբանի հետ:
Գլխացավ
Ցանկացած գլխացավ կարող է հակացուցված լինել սաունա հաճախելու համար: Խնդիրն այն է, որ կան գլխացավի տարբեր պատճառներ, եւ քանի դեռ պարզ չէ գլխացավի պատճառը, խորհուրդ չի տրվում սաունա հաճախել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում