Առաջին անգամ Հայաստանում. "Նորք-Մարաշ" ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

22 հոկտեմբերի, 2019  18:21

Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող "Նորք-Մարաշ" բժշկական կենտրոնի հատուկ հրավերով: 

80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր:Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա:

«Աորտային փականը, որի պարագիծը պետք է լինի 20-30 մմ, հիվանդի մոտ նեղացել և դարձել էր 6 մմ: Տեղադրվել է բալոն, որը հետո հեռացվել է, և անոթը լայնանալով փականը բացել է», - նշել է ՌԴ ԱՆ գլխավոր ինտերվենցիոն սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Բժշկական կենտրոնում նա կմնա 1-3 օր: Աշխարհում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է Ֆրանսիայում՝ 2002 թվականին: Այժմ տարեկան 90 հազար այդպիսի վիրահատություն է արվում։

«Մեր հիվանդն առնվազն 7-10 տարի նոր միջամտությունների կարիք չի ունենա», - նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը:

"Նորք-Մարաշ" բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այժմ վերապատրաստվում է: Առաջիկա տարիներին նախատեսում են արդեն ինքնուրույնաբար կատարել այդպիսի փակ՝ ներանոթային վիրահատություններ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում