Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բջիջների տարածմանը նպաստող մոլեկուլ են հայտնաբերել

7 հուլիսի, 2014  15:59

Վերջերս գիտնականների կողմից կատարված բացահայտման շնորհիվ հնարավոր է` կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւերից մեկի բուժման նոր եղանակ գործադրվի: Նրանք պարզել են, թե հատկապես որ մոլեկուլն է քաղցկեղային բջիջների աճն ու արագ տարածումը խթանում, ինչի արդյունքում բուժման ներկայիս եղանակները խիստ սահմանափակ ազդեցություն են ապահովում, հաղորդում է Daily Mail-ը:

Այժմ, երբ հիշյալ մոլեկուլը բացահայտված է, բժիշկները վստահ են, որ կարող են հիվանդության տարածման ներկայումս կիրառվող դեղամիջոցներից մեկի համար առավել արդյունավետ կիրառություն գտնել: Այն առավելապես օգտակար կլինի HER2-դրական` մյուսների համեմատ նշանակալիորեն արագ զարգացող կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց բուժման համար: 

Հիշյալ հիվանդությունը Մեծ Բրիտանիայում տարեկան 10 հազար կնոջ մոտ է ախտորոշվում, որոնցից 7000-ի դեպքում բուժման ստանդարտ եղանակի` Հերցեպտին կոչվող դեղամիջոցի օգտագործումը ցանկալի արդյունքներ չի գրանցում:

Լոնդոնի Քուին Մերի Համալսարանի քացկեղի ինստիտուտի գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ առաջիկայում կանայք կարող են ուռուցքի բիոպսիայի ենթարկվել` մոլեկուլի առկայությունը ստուգելու համար:

Թեստի հաստատման դեպքում բժիշկները կարող են Հերցեպտինին զուգահեռ` ներկայումս փորձարկման փուլում գտնվող մեկ այլ դեցամիջոց առաջարկել:

Լաբորատոր մկների վրա իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ երկու դեղամիջոցների համակցությունը կարող է ուռուցքի ոչնչացման հանգեցնել:

Միայն Մեծ Բրիտանիայում տարեկան շուրջ 50 հազար կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, ինչի արդյունքում հիվանդներից գրեթե 12 հազարը մահանում են:

Չնայած մահացության ցուցանիշների` վերջին տասնամյակների ընթացքում նկատելի նվազմանը` բրիտանացի գիտնականները լուրջ մարտահրավերների են բախվել, թեկուզեւ այն առումով, որ դրանք նկատելիորեն բարձր են եվրոպական երկրներում գրանցվող արդյունքներից:

Հետազոտության ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 2 հազար կանանցից նմուշներ են վերցվել, որոնց 40 տոկոսի դեպքում խնդրո առարկա մոլեկուլը` αvβ6-ն է հայտնաբերվել: Ավելի ուշ` լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում, հիշյալ մոլեկուլը հաջողությամբ ոչնչացվել է: Առաջիկայում նույն փորձարկումները կանաց շրջանում կիրականացվեն` փորձարարական բուժամիջոցի արդյունավետությունը պարզելու համար:

Արդյունավետության հաստատման դեպքում բուժման եղանակը առաջիկա տասը տարիների ընթացքում կարող է համընդհանուր տարածում գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում