Էնդարտերէկտոմիա. այն ամենը, ինչ կուզենայիք իմանալ այս վիրահատության մասին

11 հուլիսի, 2014  10:49

Էնդարտերէկտոմիան մարդու քներակները աթերոսկլերոտիկ վահանիկներից ազատելու նպատակով իրականացվող վիրահատություն է: Քանի որ աթերոսկլերոտիկ կուտակումները զարկերակներում խցանումներ առաջացնելու եւ իշեմիկ ինսուլտ հրահրելու հատկություն ունեն, էնդարտերէկտոմիան իշեմիկ ինսուլտի կանխարգելմանը միտված վիրահատություն է համարվում:

Բոլորովին վերջերս Հայաստանում հազվադեպ էր էնդարտերէկտոմիա իրականացվում, այն էլ հիմնականում՝ արտասահմանից հատուկ՝ մի քանի օրով հրավիրված մասնագետների օգնությամբ: Սակայն 2014թ. հունվար ամսից Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտի եւ պարանոցի անոթների վիրաբուժության ծառայություն է գործում, որի ղեկավարը՝ սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը անցած հինգ ամիսների ընթացքում հասցրել է քներակներից աթերոսկլերոտիկ վահանիկների հեռացման նպատակով ավելի քան 30 վիրահատություն իրականացնել: NEWS.am Medicine-ի թղթակիցը նրա հետ էնդարտերէկտոմիայի մասին է զրուցել: 

Ինչպե՞ս է էնդարտերէկտոմիան իրականացվում

NEWS.am Medicine կայքում կարող եք տեսանյութ գտնել այն մասին, թե ինչպես են աթերոսկլերոտիկ կուտակումները զարկերակներից հեռացվում:

Վիրահատությունը մոտավորապես 2-2,5 ժամ է տեւում, որի ընթացքում վիրաբույժը, իր ենթակայությամբ գործող բժիշկների խմբի աջակցությամբ, կտրվածք է անում հիվանդի պարանոցին եւ, զգուշորեն խցանված զարկերակի հասանելիությունն ապահովելով, երկու կողմերից սեղմում այն՝ արյան հոսքը դադարեցնելու համար (որոշ դեպքերում վիրաբույժը ստիպված է «արհեստական» հոսք ապահովել՝ հիվանդի ուղեղում արյան շրջանառությունը չդադարեցնելու համար): Այնուհետեւ նա կտրում է զարկերակը եւ բոլոր խոլեստերինային կուտակումները հեռացնում: Այստեղ չափազանց զգուշություն է հարկավոր, քանի որ զարկերակի մեջ նույնիսկ ամենափոքր կուտակումներ թողնել չի կարելի. հետագայում դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հիվանդի համար: Եվ ի վերջո, երբ ամեն ինչ հեռացված է, վիրաբույժը, անհրաժեշտության դեպքում՝ հատուկ նյութերի օգնությամբ զարկերակը նախօրոք ընդլայնելով, կարում է այն: Երբ զարկերակն էլ այլեւս փակ է, արյան հոսքը վերականգնում են ու հիվանդի պարանոցը կարում:

Վիրահատությունից հետո հիվանդը, որպես կանոն, մեկ օր վերակենդանացման բաժանմունքում է անցկացնում, եւս 24 ժամ՝ բաժանմունքում: Այսինքն՝ բարդությունների բացակայության պայմաններում կարող է վիրահատությունից 48 ժամ անց դուրս գրվել հիվանդանոցից:

Տեղային անզգայացո՞ւմ, թե՞ ընդհանուր նարկոզ

Մեսրոպ Շատախյանի խոսքով, էնդարտերէկտոմիան սովորաբար տեղային անզգայացմամբ է իրականացվում: Բացառություններ հազվադեպ են լինում՝ ընդհանուր նարկոզ կիրառվում է միայն այն ժամանակ, երբ հիվանդը չափազանց էմոցիոնալ է, կամ՝ երբ նրա մարդաբանական առանձնահատկություններն են դա պահանջում:

Իսկ որո՞նք են տեղային անզգայացման առավելությունները: Ինչպես Մեսրոպ Շատախյանն է նկատել, տեղային անզգայացման պարագայում հիվանդի գլխուղեղի աշխատանքին հետեւելու հնարավորություն է ընձեռնվում, մինչ ընդհանուր նարկոզի ժամանակ վիրաբույժները ստիպված են որոշ առումներով կուրորեն աշխատել՝ նույնիսկ երբ ամենաժամանակակից սարքավորումներով են զինված։

«Եթե վիրահատությունը տեղային անզգայացմամբ է ընթանում, հիվանդի հետ մշտական շփման մեջ գտնվելու, նրա հետ խոսելու հնարավորություն ենք ունենում: Հիվանդը նաեւ մեր հրահանգներն է կատարում, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ուղեղը աշխատում: Ոչ մի մոնիտոր փոխարենը ոչինչ չի կարող առաջարկել», - նշել է վիրաբույժը:

Ի՞նչ բարդություններ կարող են լինել

Համաշխարհային վիճակագրական տվյալներն այն բանի մասին են վկայում, որ մահացու ելքով եւ մեծ բարդություններով ավարտված վիրահատությունների բաժինն ընդամենը 4-5 տոկոս է կազմում: Հայաստանում վերջին հինգ ամիսներին իրականացված վիրահատություններից եւ ոչ մեկը լուրջ բարդություններ չեն առաջացրել: Իսկ վիրահատության ընթացքում առաջացող մանր խնդիրները վիրաբույժի եւ օժանդակ խմբի ջանքերով հեշտությամբ լուծում են գտնում:

Բարդությունները հիմնականում հիվանդի տարիքի հետ են կապված՝ թեկուզեւ վերջերս խցանված զարկերակների խնդիրը, ինչպես եւ այլ խնդիրներ, ավելի ու ավելի երիտասարդ տարիքի մարդկանց մոտ են նկատվում: Այդուհանդերձ, էնդարտերէկտոմիան տարեց մարդկանց վիրահատություն է համարվում, քանի որ հիվանդների մեծ մասը 50-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են: Այդ մարդիկ, խցանված զարկերակներից բացի, նաեւ այլ՝ տարատեսակ խնդիրներ են ունենում՝ սրտային հիվանդություններ, շաքարախտ, այլ զարկերակային ավազանների հետ կապված հիվանդություններ, որոնք կարող են վիրահատության ընթացքի վրա ազդել:

Որքա՞ն արժի էնդարտերէկտոմիան Հայաստանում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից առաջարկվող վիրահատության արժեքը 900 000 դրամ է, սակայն կլինիկայում զեղչային համակարգ է գործում: Մեսրոպ Շատախյանի խոքսով, հիշատակված գնի մեջ բոլոր բաղադրիչները՝ բուն վիրահատությունը, հետազոտությունները, խորհրդատվությունները, դեղորայքային միջոցներն ու վերակենդանացման բաժնի ծառայություններն են մտնում:  Էնդարտերէկտոմիայի ինքնարժեքը բավականին բարձր է, քանի որ նախքան վիրահատությունը բազմաթիվ հետազոտություններ են պահանջվում, իսկ վիրահատության ընթացքում, առաջ եւ հետո յուրաքանչյուր հիվանդի հետ շուրջ 20-25 մասնագետներ են աշխատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում