Աղտոտված օդը վտանգավոր է երեխաների եւ մեծահասակների ուղեղի համար. հետազոտություն

28 հունվարի, 2020  23:48

Քաղաքային օդի աղտոտվածությունը՝ կապված տրանսպորտի հետ, լուրջ սպառնալիք է ներկայացնում երեխաների եւ մեծահասակների ուղեղի համար: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ Ցինցինատիի մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնի գիտնականները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ գիտնականները հետազոտություններ են անցկացրել մինչեւ 12 տարեկան 147 երեխաների մասնակցությամբ: Նրանք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել: Ցինցինատի քաղաքի 27 վայրերում վերցված նմուշների անալիզների արդյունքում գիտնականները պարզել են, որ այդ երեխաները մինչեւ մեկ տարեկանը ենթարկվել են օդային աերոզոլների ցածր կամ բարձր աստիճանի ազդեցության:

Պարզվել է, որ աղտոտված օդը առաջացնում է մոխրագույն նյութի ծավալի եւ կորտիկալ շերտի հաստության նվազեցման: Չնայած նրան, որ կորստի տոկոսը քիչ է, քան նեյրոդեգեներատիվ հիանդությունների ժամանակ, դրանք կարող են ազդել տարբեր հոգեբանական եւ ֆիզիկական պրոցեսների զարգացման վրա:   

Աղտոտումը, ինչպես պարզվել է, հանգեցնում է մոխրագույն նյութի 3-4% կորստի այնպիսի հատվածներում, ինչպիսիք են՝ ճակատային եւ գագաթային մասերը, ինչպես նաեւ փոքր ուղեղը: Ավելին, այդ փոփոխությունները կարող են անդառնալի լինել:

Հետազոտության արդյունքները հաստատում են ավելի վաղ ստացված տվյալներն այն մասին, որ աղտոտված օդը նպաստում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների եւ նյարդային համակարգի խախտումների զարգացմանը:

Նշենք, որ մոխրագույն նյութը ներառում է մարդկային ուղեղի հատվածները, որոնք մասնակցում են շարժողական հսկողության եւ սենսորային ընկալման գործում, օրինակ՝ տեսողություն եւ լսողություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում